ճակատագրական խնդիր է դրված. ընդդիմությունը պետք է կոնսոլիդացվի. Վահագն Մելիքյան

Արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը վստահ է՝ ոչ վաշինգտոնյան եռօրյա բանակցությունները, ոչ դրան նախորդած քառօրյա բանակցային ռաունդն Արցախը հայկական պահելու հարցում որևէ օգուտ մեզ չեն տալիս։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մելիքյանը՝ ընդգծելով.

«Օգուտը չեմ տեսնում այդ բանակցություններից միայն այն պարզ պատճառով, որ բանակցող հայկական կողմն Արցախը համարում է Ադրբեջանի մաս և ինքնորոշման իրավունքը թողել է բանակցային գործընթացից դուրս»։

Ըստ Մելիքյանի՝ վաշինգտոնյան բանակցությունների գնացած Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի կողմից 4 հայի սպանությունից հետո պետք է Ադրբեջանի դեմ պայման դներ՝ ուժի սպառնալիքով բանակցելը բացառելու համար, սակայն դա չի արել, իսկ բանակցությունների մասնակից բոլոր միջնորդ երկրները՝ հավաքական Արևմուտքը, Թուրքիան, Վաշինգտոնը, բանակցություններում հետապնդում են ոչ թե հայկական, այլ հենց իրենց ազգային շահը։

Կարդացեք նաև

«Իսկ որտե՞ղ է մեր ազգային շահը՝ մի՞թե մեր զինվորների կյանքի գնով խաղաղության գնալը»,- ասաց արտակարգ և լիազոր դեսպանը՝ շեշտելով՝ եթե այդ գնի մեջ այս իշխանությունը տեսնում է նաև ամբողջ Արցախը, ապա միայն Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները վկայում են, որ խաղաղությո՛ւն Արցախը հանձնելուց հետո ևս չի՛ լինելու։

«Բազմիցս նշել եմ՝ այսպիսի խաղաղություն չի լինելու. եթե դա չես հասկանում՝ կամ դու չես ճանաչում թշնամուդ, կամ ուղղակի տգետ ես ու շատ հեռու դիվանագիտությունից և արտաքին քաղաքականությունից»,- ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ իշխանության նման պահվածքին զուգահեռ՝ հասարակությանը պետք է ամեն օր պարզ լեզվով բացատրել, թե ինչ է սպասվում մեր ազգին, եթե գնան իշխանության ընտրած ճանապարհով։

«Այս իրավիճակում ընդդիմությունը խորը կոնսոլիդացիայի հարց պետք է լուծի և թողնի մի կողմ ամբիցիաները։ Պետք է սահմանել մեկ նպատակ, այն է՝ Արցախ ու Հայաստան, իսկ եթե լինի ներքին մեծ համախմբվածություն, ապա ուժային կենտրոնները կսկսեն աշխատել ընդդիմության հետ։ Պետք է գնալ ոչ թե անձի, այլ գաղափարի հետևից։ Ճակատագրական խնդիր է դրված. անձերից պետք է վերանալ ու գնալ գաղափարի հետևից, իսկ գաղափարն իր հետևից պետք է բերի ընդդիմությունը կամ ցանկացած մեկը, որը կարող է իր հետևից մարդկանց տանել»,- ասաց Մելիքյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս