
«Ցեղասպանության ուրացումը Թուրքիային տրված անբարո խոստում է, Էրդողանի պրոտեկցիայի համար վճարվող գինը». Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո:
-Նիկոլը հետևողականորեն առաջ է տանում Հայոց ցեղասպանության ուրացման օրակարգը։ Ո՞նց կանխենք սա։
Արմեն Աշոտյան – Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը նա հետևողականորեն իրականացնում է իր պաշտոնազավթման առաջին իսկ օրվանից։ Սկզբից դա անում էր միայն հմուտ աչքերին տեսանելի կերպով, իսկ հիմա, Արցախի ուրացումից հետո, անցել է լայնածավալ գրոհի։
Կասկած չունեմ, որ սա Թուրքիային տրված անբարո խոստում է, Էրդողանի պրոտեկցիայի համար վճարվող գինը։ Վստահ եմ նաև, որ «նոր Սահմանադրություն» կոչվածը չի արտացոլելու նաև ցեղասպանության խնդիրը։ Կանխել սա հնարավոր է միայն իշխանափոխությամբ։
Ի դեպ, միջազգային քաղաքականության մեջ արդեն երևում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի կտրուկ նվազումը։
Այսպես, օրինակ, Եվրոպական Միության խոսույթում և փաստաթղթերում այն այլևս գրեթե չի հիշատակվում։ Եվրոպական խորհրդարանի այս տարվա երեք զեկույցներում՝ արտաքին քաղաքականության, անվտանգության և մարդու իրավունքների, չկա Հայոց ցեղասպանության գեթ մեկ հիշատակում։ Բայց առկա են Հոլոդոմորի, Հոլոքոստի, Ղրիմի թաթարների, Բոսնիայի և այլ ցեղասպանությունների հիշատակումներ։
Բացատրությունը շատ ցինիկ է. եթե Հայաստանին այս հարցը չի հետաքրքրում, ինչո՞ւ մենք, եվրոպացիներս, պիտի դրանով զբաղվենք։ Իսկ «համամարդկային արժեքներին» նրանց նվիրումը արտահայտվում է ավելի «ակտուալ» ցեղասպանություններով։