Բռնապետ Ալիևը բռնանում է արցախցիների, նրա քաղաքակիրթ գործընկեր Փաշինյանն էլ իր դրածոների միջոցով՝ Երևանի բնակիչների հիմնարար իրավունքների վրա. Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրած ասուլիսում փաստեր է ներկայացրել, որ իշխանությունները խոչընդոտում են ստորագրահավաքի գործընթացը՝ խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը:
Մասնավորապես, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշել է, որ Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում կատարելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, անցած շաբաթվա ընթացքում պաշտոնական նամակների միջոցով հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար, թեև դա «Հանրաքվեի մասին» օրենքի իմպերատիվ պահանջ է և իրենց սահմանադրական պարտականությունը:
«Փաստորեն, մի կողմից՝ բռնապետ Ալիևը բռնանում է արցախցիների հիմնարար իրավունքի վրա, մյուս կողմից՝ նրա քաղաքակիրթ գործընկեր Փաշինյանը՝ իր դրածոների միջոցով, Երևանի բնակիչների օրինական և հիմնարար իրավունքների վրա»,- շարունակել է Չալաբյանը՝ հայտնելով, որ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
Բացի այս, «Հայաքվեին» տարածք չտալու խնդրով դիմելու է ՀՀ նախագահին, ՄԻՊ-ին և եվրոպական կառույցներին:
Ինչ վերաբերում է մարզային կառույցներին, ապա ստորագրահավաքի համար տարածքներ տրամադրելու մերժում են ստացել Դիլիջանից և Սպիտակից, իսկ 8 բնակավայրից կամ համայնքից ստացվել է դրական պատասխան՝ Մասիս, Արարատ, Իջևան, Աշոցք, Ալավերդի, Արմավիր, Մեղրի, Չարենցավան:
Ավետիք Չալաբյանը տեղեկացրել է, որ դիմել են ԿԸՀ-ին 2 խնդրանքով. Առաջինը՝ հաշվի առնելով ստորագրահավաքի գործընթացի վերը նշված խոչընդոտները, դիտարկել ժամկետների երկարաձգման հնարավորությունը, երկրորդ՝ եթե չեն կարողանում վերացնել այս խոչընդոտները, իրենց այլընտրանքային տարբերակ առաջարկեն:
«Մենք կարող ենք իրենց դիմացը դնել մեր տաղավարը և այնտեղ կազմակերպել ստորագրահավաք, ԿԸՀ-ն իր որոշմամբ դա կարող է հաստատել»,- ընդգծել է Չալաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում