Կոռուպցիա չկա՞. ո՞վ է կանգնած կորոնար ստենտների ներկրման բիզնեսի հետևում. ո՞ւր են նայում ՊՎԾ-ն ու իրավապահ մարմինները
Վերջին 5 տարիների ընթացքում բարձրագույն իշխանություն ունեցող տարբեր պաշտոնյաներ հաճախ են խոսում ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի բացակայության, կոռուպցիոն դրսևորումների նվազման միտումների մասին:
Իհարկե, առաջին հայացքից միջին վիճակագրական հայաստանցին ցանկանում է հավատալ դրան, սակայն, երբ ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներ, իրավիճակներ, հասկանալի է դառնում, որ իրականությունն ամենևին այլ է:
Մասնավորապես, առողջապահության համակարգի վերաբերյալ տարբեր հարցեր են բարձրաձայնվել մամուլով և այլ տեղեկատվական հարթակներով: 168.am-ը հաճախ է անդրադառնում դրանց: Ուշագրավ է, որ ոլորտի պատասխանատուները նույնիսկ «նեղանում» են, թե իբր համավարակի, պատերազմի և բնականոն կյանքի ընթացքում բժիշկների նվիրական աշխատանքը լուսաբանվում և մեկնաբանվում է այսչափ գորշ գույներով: Իրականում, սակայն, պետք չէ «թաքնվել» քաղաքացիների առողջության պահպանման բեռն իրենց վրա վերցրած բուժաշխատողների հետևում, որովհետև համակարգի կառավարիչների գործունեությունը բժիշկների, բուժական գործի հետ աղերս չունի:
Առողջապահության ոլորտում հետաքրքիր ձևով խճճած, լավ փաթեթավորած մի իրավիճակի մասին
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են, և մեր երկրում արձանագրված յուրաքանչյուր երկրորդ մահվան պատճառ են հանդիսանում: Որպեսզի հասկանալի լինի խնդրի մասշտաբները, կարճ անդրադարձ կատարենք սիրտ-անոթային հիվանդությունների վերաբերյալ որոշ տեղեկատվական տվյալների:
Այսպես, ըստ բաց աղբյուրներից վերցված տեղեկատվության՝ Հայաստանում տարեկան շուրջ 13.000-14.000 հիվանդի կատարվում է սրտային անոթների ստենտավորում՝ դեղապատ և ոչ դեղապատ ստենտներով, յուրաքանչյուր դեպքում դրվում է միջինը 2-3 ստենտ:
Իսկ եթե այս ամենին հավելենք, որ օգտագործվող հավաքածուների շուրջ 20%-ի չափով էլ, ինչպես պնդում են մասնագետները, անհրաժեշտ է պահուստային պաշար, ապա ՀՀ-ում կորոնար ստենտների հավաքածուների և կորոնար անոթների ստենտավորման համար անհրաժեշտ հարակից բժշկական պարագաների տարեկան պահանջարկը կազմում է մոտ 50.000 միավոր:
Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ այս միջամտությունն իրականացվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառումով բժշկական միջամտություններ իրականացնող կազմակերպություններում, մասնավորապես՝ «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա», «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոններում, «Բեստ-Լայֆ» հայ-ճապոնական կենտրոնում, Գյումրու ԲԿ-ում և այլն:
Նշված բժշկական կենտրոններում իրականացվում է կորոնար անոթների ստենտավորման դեպքերի մեծ մասը, և սույն կենտրոնները բոլորն էլ կորոնար ստենտավորում ծառայությունը կատարում են նաև պետական պատվերով, այսինքն՝ նրանք ունեն անմիջական պայմանագրային հարաբերություններ և կախվածություն առողջապահության նախարարությունից:
Բուն թեմայի մասին:
Պարզվում է, որ Առողջապահության նախարարությունում կա բարձրաստիճան պաշտոնյա, ով հետաքրքրված է կորոնար անոթների ստենտների ներկրմամբ, և կա հիմնավոր կասկած, որ սույն պաշտոնյան շատ հաջող «համատեղում» է քաղաքացիական ծառայողի իր պաշտոնը ստենտների ներկրման բիզնես գործունեության հետ:
Ամենաուշագրավն այն է, որ սույն պաշտոնյան ներառված է պետական պատվերի տեղադրման հանձնաժողովում, այսինքն՝ բժշկական կազմակերպություններին պետական պատվերով ծառայություններ թույլատրողներից է, ինչպես նաև որոշում է՝ բուժհաստատությունները պետական պատվերով ստենտ տեղադրե՞ն, թե՞ ոչ, միևնույն ժամանակ նաև մեծ դերակատարում ունի այդ դեպքերի ֆինանսական փոխհատուցման թույլտվության մեջ:
Այդ պաշտոնյան պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետի տեղակալ Կարեն Միքայելյանն է, ում, բնականաբար, նշանակել է նախարար Անահիտ Ավանեսյանը և պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կազմում սույն պաշտոնյային նույնպես նա է ներգրավել:
Եվ ուրեմն շատ հետաքրքիր է, թե ինչ կապ ունի «Ալմամաքս» ՍՊԸ-ի բժշկական նշանակության պարագաների ներկրման հետ սույն պաշտոնյան, ով աշխատանքային ժամին՝ 13.12.2022թ. ժամը 15:58, [email protected] -ից ստանում է էլեկտրոնային նամակ «Тема Счет ча оплату Алмаксим» թեմայով:
Ի՞նչ է սա. առողջապահության նախարարության պաշտոնյայի կողմից հումանիտար, մասնագիտական, անվճար օգնությո՞ւն բիզնեսին, թե՞ սույն պաշտոնյայի կողմից տարիներով բիզնեսի ու պաշտոնի համատեղում՝ իհարկե, խելամտորեն խուսափելով իր անունը պաշտոնապես այդ բիզնեսում ներկայացնելուց:
Այն, որ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի բիզնես գործունեություն իրականացնել, և դա օրենքի կոպիտ խախտում է, հստակ է, սակայն խնդիրը դիտարկենք այլ հարթության մեջ:
Սույն պաշտոնյան, լինելով Անահիտ Ավանեսյանի հովանավորյալը, նրա կողմից ստանալով պաշտոն և բազմաթիվ իրավունքներ պետական պատվերի գործառույթներում, ուղղակի ազդեցություն է գործում և կոռուպցիոն ռիսկեր ստեղծում բժշկական նշանակության պարագաների, մասնավորապես՝ կորոնար անոթների ստենտների հավաքածուների գնումների գործընթացում: Բնականաբար, այն բժշկական կազմակերպությունները, ովքեր չեն «համագործակցի», այսինքն՝ գնում չեն կատարի նրա «հանձնարարականով», կհայտնվեն ոչ շահեկան վիճակում:
Հետաքրքիր է, արդյո՞ք նա գործել է միայնակ, կատարել է իր հովանավորի առաջադրանքները և դրա համար առատ վարձատրվել պաշտոններով, թե՞ պարզապես նախարարի կողմից բացթողում է եղել:
Եվ այն ժամանակ, երբ մամուլը բարձրաձայնում է, թե «պետպատվերը վերջացել է», քաղաքացիներն ամիսներով հերթերում սպասում են, որպեսզի բուժօգնություն ստանան, պարզվում է, որ այն պաշտոնյաները, ովքեր պետք է զբաղվեին այդ խնդիրների կարգավորումով, աշխատանքային ժամերին բժշկական պարագաների ներկրման բիզնեսով են զբաղված:
Գնդակն իրավապահ մարմինների ու նախարար Անահիտ Ավանեսյանի դաշտում է. թող պարզեն՝ ՊԱԳ-ի ղեկավարի տեղակալ Կարեն Միքայելյանն ու այս հաշիվ-ապրանքագրի վրա նշված Կարեն Միքայելյանը նույն ա՞նձն են, թե՞ ոչ: Որովհետև եթե առողջապահության նախարարության պաշտոնյա Կարեն Միքայելյանը զբաղվում է ստենտների ներկրման բիզնեսով, այստեղ առկա է կոնկրետ շահերի բախում, պաշտոնեական դիրքի չարաշահում:
Խնդիր է նաև այն, որ կարգավորված չէ նաև բժշկական նշանակության պարագաների ներմուծման և արտահանման գործընթացը, և դեռ մեծ հարց է, թե վերը հիշատակված կորոնար ստենտներն ինչ ճանապարհներով են մուտք գործում ՀՀ, և մեր քաղաքացիներին ինչ որակի ստենտներ են տեղադրվում:
Պատկան մարմինները, մասնավորապես՝ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ), անկողմնակալ կերպով պետք է ուսումնասիրեն իրավիճակը, և թեպետ այս հրապարակմամբ նկարագրել ենք ընդամենը մեկ դրվագ, ակնկալում ենք համապարփակ ուսումնասիրություն:
ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ