Փաշինյանը շպրտում է իր վրայից պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինքն ո՞ւր է շպրտվելու վերջում. Բեքարյան

Հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով տեղի ունեցավ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով քննարկումը, ինչի ավարտին, հակառակ ադրբեջանական բոլոր խոչընդոտների, ընդունվեց բանաձև, որով ԵԽԽՎ-ն կոչ արեց Ադրբեջանին հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկը, անհապաղ վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը, հայերի հետ համաձայնեցնել հայկական տարածքով անցնող գազի և էլեկտրացանցի մատակարարման նոր երթուղին:

ԵԽԽՎ-ն նաև կոչ արեց Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ փաստահավաք առաքելությամբ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը, խոսելով ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցի մասին, ընդգծեց՝ ռեալ իրականության մեջ Արցախում ապրող 120 հազար հային ուղղակիորեն այս բանաձևը ոչինչ չի տալու։

«Անուղղակիորեն սա փաստաթուղթ է, որը ընդունվել է ծանրակշիռ կառույցի կողմից. այն կարող է ունենալ իր կարևորությունը՝ հետագայում՝ որպես փաստաթուղթ։ Այսինքն, միջազգային կառույցի կողմից կատարվածի վավերագրումն այդ զեկույցի տեսքով կարևոր է, բայց կրկնում եմ՝ դա Ադրբեջանին որևէ բանով չի զսպելու։ Ադրբեջանն այս ամեն ինչին լուրջ չի վերաբերվում, որովհետև տեսել է՝ ավելի վաղ էլ Հաագայի դատարանի վճիռն է արհամարհել, ու դա իրենց ներվել է։ Ադրբեջանն ունի զգացողություն, որ միջազգային հանրությունն իր արհամարհանքը մարսել է։ Սրանից բացի, այստեղ կարևոր է հիշել, որ Ադրբեջանում գիտեն, որ եվրոպական համայնքը՝ որոշում ընդունողները, անկեղծ չեն, հետևապես՝այն, ինչ կատարվում է եվրոպական երկրների գործադիր մարմիններում, իրականում որևէ աղերս չունի երեկ ընդունված զեկույցի հետ»,-ասաց Բեքարյանը։

Կարդացեք նաև

«Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահի խոսքով՝ այն դեպքում, երբ բավականին լուրջ մրցակցություն կա միջնորդական առաքելությունների՝ ռուսական և արևմտյան հարթակների միջև, դժվար է կոնկրետ խնդիրների վերաբերյալ նրանցից ստանալ կոնկրետ լուծումների առաջարկներ, ավելին՝ մի շարք խնդիրներ պետք է դիտարկել հենց այդ մրցակցության ծիրում։

«Արևմտյան թևում Ադրբեջանին կարևորում են՝ որպես էներգիա մատակարարող երկիր, և դա ձևավորում է ամենաթողության մթնոլորտ Ադրբեջանի համար»,-ասաց Բեքարյանը՝ ընդգծելով, որ այս ամենաթողությունն Ադրբեջանի մոտ գրգռում է ախորժակ՝ Հայաստանից և Արցախից ավելին պոկելու համար, ուստի հենց ավելին պոկելու ցանկությունն է նաև պատճառը, որ, թեև Հայաստանի իշխանություն կոչվածից ժամանակ առ ժամանակ լսում ենքբանակցային գործընթացի առաջընթացի կամ «խաղաղության օրակարգ» ասվածի մասին, բայց խոսքից զատ՝որևէ իրական քայլի ականատես չենք լինում, ընդհակառակը, տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանն անգամ իր ստորագրած փաստաթղթերի համար իր վրայից պատասխանատվությունը նետում այլոց ուղղությամբ։

«Փաշինյանը շպրտում է իր վրայից պատասխանատվությունը։ Անկախ նրանից, թե ինքն ո՞ւր է շպրտվելու, հիմա պատասխանատվությունը պատվիրակում է բոլորին՝ ժողովրդին, արտաքին խաղացողներին, բանակին, միջազգային հանրությանը»,-ասաց Բեքարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս