Մարդկային գործունեության շատ ոլորտներ ենթակա են ավտոմատացման. մեկնարկեց արհեստական բանականության թեմայով AI Conf Armenia կոնֆերանսը
Հայաստանում արհեստական բանականության թեմայով առաջին կոնֆերանսը՝ AI Conf Armenia 2023-ը, համախմբեց ոլորտի ներկայացուցիչների և բոլոր հետաքրքրված անձանց՝ քննարկելու AI հեղափոխությունն ու նոր հնարավորությունների ալիքը, որն այն բերում է իր հետ:
AI Conf Armenia-ի նպատակն է քննարկել AI-ի միջազգային միտումներն ու հեռանկարները և նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց՝ արհեստական բանականությունն արդեն հեղափոխել է աշխարհն ու շարունակում է ձևավորել մարդկային առաջընթացի ընթացքը, և այս տեսանկյունից անչափ կարևոր համարեց հասկանալ AI-ի հիմնարար սկզբունքներն ու առանձնահատկությունները։
«Այսպիսով, ի՞նչ է AI-ը: Այն ալգորիթմների, տվյալների և հաշվողական հզորության համակցություն է, որը թույլ է տալիս ընդօրինակել մարդկային բանականությանը և կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք ավանդաբար պահանջում են մարդկային ունակություններ: AI համակարգերը նախագծված են տվյալների վերլուծության, օրինաչափություններ գտնելու ու որոշումներ կայացնելու կամ գործողություններ կատարելու համար:
Արհեստական բանականության ներուժը հսկայական է: Այն կարող է բարձրացնել արտադրողականությունը, վերափոխել արդյունաբերությունն ու բարելավել մարդկանց կյանքի որակը ողջ աշխարհում: Առողջապահության ոլորտում AI-ը կարող է օգնել հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանը, արագ ախտորոշմանը և այլն։ Կրթության ոլորտում արհեստական բանականությունը կարող է տրամադրել անհատականացված ուսուցման փորձառություններ ու աջակցել դասախոսներին ուսանողների անհատական կարիքները բավարարելու հարցում: Սրանք մի քանի օրինակներ են բազմաթիվ այն ուղիների, որոնցով AI-ը կարող է դրականորեն ազդել մեր հասարակության վրա»,- ասաց Հովհաննիսյանը:
Խոսելով AI-ի մասին՝ նա անդրադարձավ նաև մարտահրավերներին ու էթիկական նկատառումներին, որոնք ի հայտ են գալիս այս ուղղության զարգացմանը զուգընթաց: Նրա համոզմամբ՝ առաջնային մտահոգություններից մեկը մարդկանց աշխատատեղերի հնարավոր կրճատումն է: Քանի որ մեքենաներն ավելի ունակ են դառնում, որոշ առաջադրանքներ և դերեր, որոնք ավանդաբար կատարում են մարդիկ, կարող են ավտոմատացվել:
«Այս տեսանկյունից, որպես կրթական հաստատություն, մեր պարտականությունն է վերլուծել ռիսկերն ու տրամադրել այնպիսի գիտելիքներ, որոնց միջոցով մեր ուսանողները հնարավորություն կունենան գտնելու իրենց տեղը փոփոխվող աշխարհում: Մեկ այլ կարևոր ասպեկտ է AI-ի էթիկական շրջանակը: Մենք պետք է հաշվի առնենք, որ AI համակարգերում կարող են ակամա ներառվել իրականությանը հակասող պատկերացումներ՝ ազդելով որոշումների կայացման գործընթացների վրա:
Այս մարտահրավերներին դիմակայելու և AI-ի դրական արդյունքներն առավելագույնի հասցնելու համար կենսական նշանակություն ունեն համագործակցությունը և միջգիտակարգային հետազոտությունները: Համալսարանները պետք է վճռորոշ դեր ունենան արհեստական բանականության ոլորտում հետազոտությունները, նորարարությունները և կրթությունը խթանելու գործում»,- նշեց ռեկտորը:
Նա առանձնացրեց՝ ԵՊՀ-ն ստանձնել է հանձնառություն Հայաստանում արհեստական բանականության զարգացումն ապահովելու գործում, ինչի վկայությունը «Կրիսպ» ընկերության հետ համագործակցության արդյունքում նախորդ տարի բացված AI առաջին լաբորատորիան է և ավանդույթ դարձած այս կոնֆերանսը։
Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր և BigStory վենչուրային ֆոնդի կառավարող գործընկեր Արտավազդ Մինասյանը նշեց՝ տեխնոաշխարհի բոլոր ընկերություններն այս պահին միայն արհեստական բանականությունից են խոսում: Դիտարկելով արհեստական բանականության էվոլյուցիան՝ հնարավոր է չնկատել, որ մարդկային գործունեության շատ ոլորտներ ավտոմատացման ենթակա են:
«Հիմա արհեստական բանականության միջոցով հնարավոր է մեծ ծավալի տեքստեր, լոգոներ, նկարներ գեներացնել, վեբ կայքեր պատրաստել: Կարծում եմ, առաջիկայում այն ավելի մեծ հնարավորություններ է ունենալու, նոր լեզուներով է աշխատելու: Վիրտուալ տիրույթում գտնվող ամեն ինչ, տեսականորեն, AI-ի միջոցով ավտոմատացման ենթակա է»,-ասաց նա:
Մինասյանը նշեց՝ մարդիկ, որոնք ճիշտ կօգտագործեն արհեստական բանականությունը, նրանք էլ կլինեն այդ բանականության փոխարինողները, ոչ թե արհեստական բանականությունը: Տվյալ մարդիկ ավելի մրցունակ են լինելու շուկայում: Սակայն նրա համոզմամբ՝ կան որոշակի աշխատանքներ, որոնք ուղղակի ավտոմատացվելու են:
«Արհեստական բանականությունն, իհարկե, կրճատելով շատ աշխատատեղեր, իր հետ աշխատանքի նոր հնարավորություններ է ստեղծելու: Այստեղ արդեն կարևոր է ճկուն լինելը: Կարիերայի տեսանկյունից կարևոր է ուշադիր լինել՝ ինչ աշխատանքի ոլորտներ ենք ընտրում: Կարևոր է ընտրել այնպիսի ուղղություն, որն ավելի քիչ է ենթակա ավտոմատացման: Կարևոր է գնալ ոլորտ, որտեղ մարդկային գործունեության վերջին գիտելիքներն են, ոլորտ, որը գրանցում է ամենամեծ տնտեսական աճը»,- ասաց նա:
Եզրափակելով, Մինասյանը նշեց՝ եթե նպատակ ունեք հարստանալու, մրցունակ լինելու, կամ անհրաժեշտ է միանալ արհեստական բանականությամբ աշխատող ընկերություններին, կամ սկսել ձեր ընկերությունը:
2022-ին Krisp-ը և Երևանի պետական համալսարանը համատեղ բացվող AI Lab-ի շրջանակներում նախաձեռնեցին AI Conf Armenia՝ Արհեստական բանականության թեմայով Հայաստանում առաջին կոնֆերանսը։