Բաքվին կոչ ենք անում Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ. Զախարովա
«Մենք շարունակում ենք աշխատանքը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գծով և այլ խողովակներով Լաչինի միջանցքի լիակատար ապաշրջափակման համար»,-այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախի տոտալ շրջափակմանը վերջին շաբաթվա ընթացքում։
Զախարովան հույս հայտնեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը կիրագործեն իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համահունչ։
«Երևանին կոչ ենք անում չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերով աշխատանքից։ Պարզ աշխատանքի դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ տանում է էսկալացիայի գետնի վրա։ Իսկ Բաքվին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ հումանիտար նպատակներից ելնելով և կոչ ենք անում ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ»,-ասաց Զախարովան։