Ինչու են մարդիկ ավելի վատ ապրում. թանկացումներ, գնաճ, հարկային բեռ, մանիպուլյացիաներ

Գնաճը Հայաստանում նվազել է, ավելի ցածր է նույնիսկ սահմանված թիրախի նվազագույն մակարդակից։ Սա իշխանություններին առիթ է տվել հերթական աշխարհացունց ձեռքբերումներից ու նվաճումներից խոսել։ Այլևս մոռացել են, թե ինչի՞ արդյունքում է դա տեղի ունեցել, թե ինչպիսի՞ն էր գնաճն անցած տարի, նախորդ տարի, երբ համատարած ամեն ինչ թանկանում էր, այն էլ՝ տասնյակ տոկոսներով։ Այդ թանկացումների ֆոնին է, որ այս տարի գնաճը համեմատաբար ցածր է։

Թեև անգամ այդ պայմաններում գնաճը պահպանվում է, թեկուզ ցածր։

Իսկ դա նշանակում է, որ սպառողական շուկայում գները շարունակում են բարձրանալ, քաղաքացիները ստիպված են ավելի շատ ծախսել, քան ծախսում էին անցած տարի։

Այս տարվա մայիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 1,3 տոկոս։ Սակայն դա արձանագրվել է անցած տարվա մայիսի 9 տոկոսանոց գնաճի ֆոնին։

Կարդացեք նաև

Սա նշանակում է, որ անցած տարվա 9 տոկոս գնաճի վրա սպառողական շուկայում այս տարի ևս 1,3 տոկոս թանկացում է եղել։ Դրա նախորդ տարում էլ՝ մայիսին 12-ամսյա գնաճը կազմել էր 5,9 տոկոս։

Վերջին տարիներին գնաճը շատ ավելի բարձր էր սննդամթերքի շուկայում։

Անցած տարվա մայիսին այն հասել էր 14,5 տոկոսի՝ նախորդ տարվա 7,5 տոկոս գնաճից հետո։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում երբեմն նույնիսկ 30-40 և ավել տոկոսի հասնող գնաճ ունեինք։

Նման թանկացումներից հետո, որքան էլ այս տարվա մայիսին սննդամթերքի շուկայում նախորդ տարվա համեմատ գնանկում է արձանագրվել, դա ամենևին էլ չի նշանակում, թե սպառողների ծախսերը կրճատվել են։ Նախորդ երկու տարիների կտրուկ թանկացումներից հետո, սպառողներն այսօր էլ ստիպված են անհամեմատ ավելի բարձր գին վճարել սննդամթերքի համար, քան վճարում էին մեկ տարի, երկու տարի առաջ։

Սա լուրջ խնդիր է հատկապես այն սպառողների համար, որոնց եկամուտները վերջին տարիներին այնքան չեն ավելացել, որքան արձանագրված բարձր գնաճն է եղել։

Այդպիսիք մեր հասարակության մեջ շատ են, որքան էլ իշխանություններն աշխատավարձերի աննախադեպ ու չտեսնված աճերից խոսեն։

Պատկերացրեք՝ այս ընթացքում կենսաթոշակն ու նպաստը բարձրացել է ընդամենը 3 հազար դրամով։ Եվ դա վերաբերում է ավելի քան 500 հազար քաղաքացու, որոնց եկամուտներն անհամեմատ քիչ են ավելացել, քան եղել է գնաճի իրական ազդեցությունը։

Նույնը վերաբերում է նաև հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիների, որոնց եկամուտները շատ ավելի դանդաղ են աճել, քան վերջին տարիների գնաճը։ Դա նշանակում է, որ այդ մարդիկ ևս սկսել են ավելի վատ ապրել։

Այսօր էլ, երբ գնաճն արտաքուստ ցածր է, իսկ սննդամթերքի շուկայում նույնիսկ գնանկում կա, այդ մարդիկ ավելի վատ են ապրում, որովհետև ուղղակիորեն կրում են նախորդ տարիների բարձր գնաճի ազդեցությունը։

Չնայած արձանագրվող անկմանը՝ գնաճը շարունակում է բարձր մնալ մի շարք, նաև այնպիսի ապրանքների պարագայում, որոնց գները կարգավորվում են իշխանությունների կողմից իրականացվող հարկային քաղաքականության շրջանակներում։

Խոսքը ենթաակցիզային ապրանքների, մասնավորապես՝ խմիչքների ու ծխախոտի մասին է։

Այս ապրանքախմբում ընդգրկված ապրանքների գնաճը հասնում է 7,8 տոկոսի։ 7,7 տոկոս էլ անցած տարի էր, 8,7 տոկոս՝ դրանից մեկ տարի առաջ։

Ակնհայտ է, որ դրանց գները հաստատուն, ամեն տարի բարձրանում են։ Բարձրանում են, որովհետև իշխանությունները որոշել են ամեն տարի ավելացնել դրանց ակցիզային հարկի բեռը, ինչն էլ բերում է նման թանկացումների։

Այս միտումն առաջիկա տարիներին էլ շարունակելու է պահպանվել։ Չնայած նախկին տարեկան 15 տոկոսից՝ իշխանությունները որոշել են, օրինակ՝ ծխախոտի համար առաջիկա երեք տարիներին ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնել տարեկան 10 տոկոսով։

Թվում է, թե մեղմացրել են հարկային բեռը։ Բայց հաշվի առնելով նախորդ տարիների բարձրացումները և բազայի աճը, 10 տոկոսը գրեթե համարժեք է լինելու նախկին 15 տոկոսին։

Այսինքն՝ այդ ապրանքների գներն առաջայում էլի գրեթե նույն տեմպով ավելանալու են։

Գնաճը շարունակում է բարձր մնալ նաև ծառայությունների պարագայում։

Արտաքին գործոններով պայմանավորված՝ մի շարք ոլորտներում առաջացած պահանջարկի աճը խթանում է ծառայությունների գնաճը։ Դա ակնհայտ է բնակարանային, ռեստորանային և հյուրանոցային, հանգստի և մշակութային, բազմաթիվ այլ ծառայությունների բնագավառներում, որտեղ գնաճը տատանվում է 6,5-8,5 տոկոսի միջակայքում։ Նախորդ տարի էլ ծառայությունների գնաճը պակաս բարձր չէր։

Ծառայություների գնաճը բարձր է, ինչը ռիսկեր է ստեղծում Կենտրոնական բանկի համար։ Ամեն դեպքում, այստեղ որոշել են դրամավարկային քաղաքականության որոշակի թուլացումների գնալ և նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը տևական ժամանակ միայն բարձրացել է և մինչև այս նվազեցումը հասել էր 10,75 տոկոսի։

Վերջին նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց ոչ մեծ քայլ կատարել. վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0,25 տոկոսային կետով և սահմանեց 10,5 տոկոս՝ հուսալով, որ առաջիկայում ապրանքային շուկաներից եկող գնաճային ճնշումները կգտնվեն ցածր մակարդակի վրա, իսկ ծառայությունների պարագայում էական գնաճային ճնշումներ չեն լինի։

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, դեռ կտեսնենք։ Բայց ակնհայտ է, որ անգամ վերջին ամիսների գնաճի տեմպի անկման, նույնիսկ թիրախից ներքև գտնվելու պարագայում, Կենտրոնական բանկը պահպանում է զգուշավորությունը։ Զգուշանում է գնալ դրամավարկային պայմանների ավելի կտրուկ թուլացման։ Ընդամենը նվազագույն քայլ է կատարում, չնայած առաջիկա ամիսներին նախորդ տարվա բարձր գնաճը շարունակելու է էական դեր ունենալ գնաճի ցուցանիշների ճշգրտման վրա։ Այս պահին դրանք ցածր են սահմանված թիրախից, բայց դատելով Կենտրոնական բանկի քայլերից՝ գնաճի ակտիվացման ռիսկերը դեռևս արդիական են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս