Իսրայելն առաջին անգամ բանակցություններ է վարում իր Merkava օգտագործված տանկերը Եվրոպա արտահանելու շուրջ
Իսրայելը շուտով կարող է առաջին անգամ սկսել իր Merkava տանկերի մատակարարումները Եվրոպա. համապատասխան բանակցություններն ընթանում են եվրոպական երկրներից մեկի հետ: Այս մասին հաղորդել է Yedioth Ahronoth պարբերականը։
Լրատվամիջոցի տեղեկատվությամբ՝ խոսքը մարտական հերթապահությունից հանված երկրորդ և երրորդ սերնդի տանկերի մասին է, որոնք արտադրվել են Իսրայելում 1980-1990 թվականներին։ Վերջին տարիներին դրանք հանվել են գործածությունից, սակայն Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում համաշխարհային շուկայում նման զրահամեքենաների պահանջարկը մեծացել է։ Տանկերը փորձարկվել են, և պարզվել է, որ դրանք բավական պիտանի են օգտագործման համար և կարող են վաճառվել: Merkava հիմնական մարտական տանկն (եբրայերեն թարգմանաբար նշանակում է «մարտակառք») Իսրայելում արտադրվում է 1979 թվականից։ Ներկայում Իսրայելի պաշտպանության բանակն ունի այդ մեքենաների չորրորդ սերունդը։
Ինչպես գրում է Yedioth Ahronoth-ը, առայժմ խոսքը 200-ից ավելի օգտագործված իսրայելական տանկերի վաճառքի մասին է։ Դրանց վաճառքն, ըստ նախնական գնահատումների, Իսրայելին կարող է բերել մի քանի տասնյակ միլիոն դոլար։
Հնարավոր գնորդների հետ բանակցություններն արդեն մոտենում են ավարտին, դրանք վարվում են երկու երկրների հետ, որոնցից մեկը գտնվում է Եվրոպայում։ Ըստ պարբերականի՝ պայմանագրերը կարող են ստորագրվել արդեն երեք ամսից։ Նշվում է նաև, որ գործարքները դեռ պետք է հաստատվեն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից, քանի որ այդ տանկերում օգտագործված են նաև ամերիկյան արտադրության դետալներ։