«Սա Աշոտյանի հարցը չէ, ես ձեզ վստահեցնում եմ, սա Հայաստանի լինել-չլինելու հարցն է». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Իշխանության համար արտաքին հարթակներում ձախողում չկա. Նրանք հետևողականորեն իրականացնում են այն ծրագիրը, որով եկել են իշխանության, և այդ ծրագիրն իրականացնելը ենթադրում է առաջինը՝ զիջումներ թուրք-ադրբեջանական դաշինքին, երկրորդ՝ դիմադրության համապատասխան օջախների չեզոքացում Հայաստանի ներսում: Արմեն Աշոտյանն այն քաղաքական գործիչն է, ով մշտապես առաջինը լինելով՝ մեկնաբանելու, թե ինչ է տեղի ունենում արտաքին քաղաքականության մեջ, կարելի է ասել, նաև ուղղություն է տվել ընդդիմադիր դաշտին, հայրենասեր հատվածին, թե ինչ թեզերով է պետք աշխատել, ինչպես է պետք պաշտպանել Հայաստանի շահը, և որտեղից են բխում իրական սպառնալիքները»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ունի արևմտյան և թուրք-ադրբեջանական հովանավորների աջակցությունը՝ նման վարքագիծ դրսևորելու.

«Մեկ օրվա ընթացքում ձերբակալում են Արմեն Աշոտյանին, որի դերակատարությունն արդեն շեշտեցի, ԱԺ-ում վարչապետ կոչվածն ասում է՝ մեր սխալն այն է եղել, որ վստահել ենք բանակին, և դա ասում է այն պահին, երբ հենց հիմա սահմանին լարվածության մեծ գործընթացներ են, թշնամին այսօր մուտք է գործել ՀՀ տարածք: Ահա այսպիսի ուղերձներ է տալիս, դրա համար էլ արժանանում է Ալիևի, Էրդողանի գովասանքին, որին ականատես եղանք երկու օր առաջ:

Ադրբեջանը լավ գիտի, որ Հայաստանում կա իրենց ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու ռեսուրս, և նրանք տեսնում են, որ իրենց դրածոն, կամակատարը փորձում է այդ ռեսուրսները չեզոքացնել: Իհարկե, սա ժամանակավոր ուրախություն է, ես ավելի քան համոզված եմ, որ նման պրոցեսներն էլ իրենց հերթին՝ ցույց են տալիս, որ սպառվում է Հայաստանին ճնշելու ռեսուրսը, վերջին ճիգերն են գործադրում: Մենք պետք է հաղթահարենք նաև այս փուլը, և դրանից հետո, համոզված եմ, որ ունենալու ենք լուրջ վերականգնման ռեսուրս, նաև, ինչո՞ւ ոչ, հաղթանակներ»:

Կարդացեք նաև

Հակակոռուպցիոն դատարանից Հրանտ Մելիք-Շահնազարյանը սպասելիքներ չունի: Նրա խոսքով՝ Հայաստանում օրենք, իրավունք հասկացությունները վերացել են 2019թ., երբ սկսեցին դատարանների դեմ արշավները. «Իրենց համար ստեղծել են հարմար դատարան և այդտեղով ճնշում են իրենց քաղաքական հակառակորդներին: Մի քանի օր առաջ այստեղ հավաքվել էինք Գրիգորի Խաչատուրովի գործով, այսօր՝ Արմեն Աշոտյանի. Սա դատարան չէ, սա քաղաքական հետապնդումների գործիք է: Դրա համար սպասելիքներ չունեմ: Իմ սպասելիքը մեր ժողովրդից է, հանրության գիտակից հատվածից, որ, ի վերջո, պետք է դուրս գալ՝ պայքարել. Պայքարել սեփական երկրի համար, սա Աշոտյանի հարցը չէ, ես ձեզ վստահեցնում եմ, սա Հայաստանի լինել-չլինելու հարցն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս