Այս պահին քննչական գործողություն է ընթանում. չկարողացա զրուցել Արմեն Աշոտյանի հետ. Հայկ Մամիջանյան

«Այս պահին ընթանում է քննչական գործողություն՝ պարոն Աշոտյանի հետ կապված, ուստի ո՛չ քննիչի, ո՛չ պարոն Աշոտյանի հետ խոսել չկարողացա: Քննչական գործողության ավարտից հետո կհանդիպեմ Արմեն Աշոտյանի, փաստաբանի կամ քննիչի հետ՝ մանրամասները կունենանք»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ըստ  տարածված պաշտոնական տեղեկատվության՝ խոսքը խափանման միջոցի խախտման մասին է, որն ինքնին աբսուրդ է, որովհետև պարոն Աշոտյանը չի լքել Հայաստանի Հանրապետությունը, փորձեր չի իրականացրել, ամեն ինչը հրապարակային էր:

Ավելին, իշխանությունները բազմիցս խոչընդոտել են պարոն Աշոտյանի քաղաքական գործունեությունը և ԼՂ հակամարտության հետ կապված կարևորագույն հանդիպումների մասնակցությունը, որովհետև դա իրենց չի հետաքրքրում, իրենց ընդամենը հետաքրքրում է ընդդիմախոսների նկատմամբ նման ձևով ճնշումներ իրականացնելը: Այն մարդիկ, ովքեր համարում են, որ պարոն Աշոտյանին հնարավոր է նման տարբերակով ճնշել կամ լռեցնել, պարզապես հիմար են և մնացածին չափում են իրենց արշինով: Պարոն Աշոտյանին լռեցնել, վախեցնել հնարավոր չէ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ինչ-որ գաղտնի գործարքներից հանրության ուշադրությունը շեղելու համար է այս ամենն արվում, նա պատասխանեց.

Կարդացեք նաև

«Իշխանությունների գործարքներն արդեն գաղտնի չեն՝ ակնհայտ են. Հայաստանի այսօրվա կառավարիչները պաշտպանում են ադրբեջանական շահը, այդտեղ որևէ գաղտնի բան չկա: Թե ինչու հենց այսօր սա իրականացվեց, ես կարող եմ շատ տարբերակներ ասել՝ այս պահին լարում է, և կրակում են ՀՀ սահմաններին, օգտագործվում են նաև այլ զինատեսակներ, և չի բացառվում, որ դրանից ուշադրություն շեղելու համար է, չի բացառվում, որ մեկ այլ, այսպես կոչված, գաղտնի գործարքի են գնում իշխանությունները՝ թուրքերի կամ ադրբեջանցիների հետ: Բայց, համենայնդեպս, մարդիկ, որոնք ունակ էին 2020թ. հոկտեմբերին Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ այստեղ այդ օրերին քրեական շինծու գործեր հարուցել, պատրաստ են ամեն ինչի: Սա հերթական փորձն է՝ ուշադրությունը շեղելու ընթացիկ իրավիճակից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս