Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը. 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը դիվանագետներին է ներկայացնում իրադրությունը Երասխի հատվածում
Գործարանի տարածքում հրաձգության հետևանքներն առկա են, երկու վիրավորներն էլ առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ հետագա բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Երասխ այցելած Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթացնելով՝ մանրամասնեց 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը:
«Հենց այստեղ են վիրավորվել գործարանի կառուցման շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության մեջ ընդհանրապես ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում իրենց կողմից նախընտրելի գործարանում: Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում»,-մանրամասնեց նա:
Գնդապետը նկատեց, որ գործարանը գտնվում է սահմանից 400 մետր հեռավորության վրա, որտեղից անզեն աչքով էլ նկատելի են հակառակորդի դիրքերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: