
Կանաչ սոխը օգտակար է ուղեղի ակտիվ գործունեության համար

Կանաչ սոխն անհրաժեշտ է օգտագործել հոգեկան սթրեսի ավելացման դեպքում, այն ամրապնդում է ուղեղի ակտիվ գործունեությունը: Այս մասին խոսել է գաստրոէնտերոլոգ, Սանկտ Պետերբուրգի SM-Clinic-ի թերապևտ Ալեքսանդրա Յակովլևան։
Բժշկի խոսքով՝ սննդանյութերի պարունակությամբ կանաչ սոխը գերազանցում է գլուխ սոխին։ Բանջարեղենն ունի մեծ քանակության կալիում, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և այտուցը։
«Կալիումը նաև մասնակցում է նյարդային ազդակների փոխանցմանը և ուղեղի թթվածնով հագեցվածությանը: Այսպիսով, օգտակար է կանաչ սոխ ուտել սթրեսի դեպքում, դա կօգնի բարձրացնել ուղեղի ակտիվությունը»,- ըստ shantnews-ի՝ ասել է Յակովլևան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում:
Գաստրոէնտերոլոգը նշել է, որ այն օգտակար է հղիների համար։ Պարունակում է մեծ քանակության ֆոլաթթու, որը նպաստում է երեխայի ճիշտ զարգացմանը, ինչպես նաև նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության և բնածին հիվանդությունների զարգացման ռիսկը։
Բացի դրանից, կանաչ սոխը օգնում է վերականգնել ատամի էմալը, վերացնում է միկրոճաքերը և պայքարում սպիտակ բծերի դեմ, որոնք վկայում են բերանի խոռոչում այնպիսի հիվանդության առաջացման մասին, ինչպիսին կարիեսն է, նշել է Յակովլևան։
Բժիշկը հավելեց, որ բանջարեղենը պարունակում է վիտամին A, որն օգուտ է աչքի եղջերաթաղանթին և պահպանում է տեսողությունը։