«Հող չեն տալիս խաղաղության դիմաց, հող ազատագրում են, որ խաղաղություն լինի. ինչո՞ւ ունեցանք «Եռաբլուր», որ խաղաղությո՞ւն մուրան». «Անահիտ» ջոկատի հրամանատար

Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե իրենց շատ են մեղադրում պատերազմ հրահրելու և զոհեր տալու համար, սակայն որևէ մեկը չի խոսում այն մասին, որ նախկինում խաղաղ պայմաններում տարեկան տասնյակ զոհեր են եղել։

«Մենք հիմա հաճախ դրա մասին քիչ ենք խոսում, իսկ ինչու պատերազմից առաջ՝ 2020 թվականից առաջ, մենք տարեկան մի քանի տասնյակ զոհ չէի՞նք ունենում, չէի՞ն կրակում, կրակում էին։ Հիմա որ ասում են՝ դուք պատերազմ բերեցիք, իսկ այդ չակերտավոր խաղաղության տարիներն իրո՞ք խաղաղության տարիներ էին, իհարկե ոչ»

168.am հետ զրույցում «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը Սիմոնյանի այս հայտարարության առնչությամբ նախ ասաց, որ Հայաստանը խաղաղություն չի ունեցել,  բայց ուներ ազատագրված հայրենիք։

«Թուրքը խաղաղության պայմանագիր կնքի-չկնքի, ինչ էլ անի, մեկ է՝ թուրքը մնում է թուրք։ Նրան այս խաղաղությունը պետք չէ, նրան Հայաստանն է պետք, նրան մեր հողերն են պետք, մինչև, ինչպես իրենք ասում են՝ «Էրիվան»։

Կարդացեք նաև

Իսկ սրանք, ես չգիտեմ, ինչպես նայում ենք՝ 2018 թվականից սկսած՝ միայն հող են հանձնում, առանց ոչ մի բանի։ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ եթե խաղաղություն ես ուզում, ապա պատրաստ եղիր պատերազմի։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ մենք միայն պետք է հզորացնեինք մեր բանակը, ամենահզորը պետք է լիներ բանակը, այլ ոչ թե ոստիկանությունը, ամեն մի հոգու համար մենք «միլիցա» ունենք անձնական»,- նշեց Անահիտ Մարտիրոսյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը հզորանալն է՝ որևէ մեկի վրա հույսը չդնելով, հիմա դեռ ժամանակ ու հնարավորություն կա, հաջորդ պահին կարող է չլինել։

«Արկադի Տեր-Թադևոսյանն ասում էր. «Ամոթ է լինել հարուստ՝ աղքատ երկրում», այս մեր հարուստներին թվում է, որ թուրքը եկավ, իրենց հանգիստ է տալու, առաջինն իրենց է հոշոտելու ու ամեն ինչ խլելու։ Լավ, չեմ հասկանում՝ մարդուն ի՞նչ է պետք, տուն է պետք, մեքենա, լավ՝ մի ամառանոց, ինչքա՞ն կարող են կուտակել հայ ժողովրդի հաշվին, ինչո՞ւ են այդքան աղքատ։ Հողն ազատագրած ազատամարտիկը փող չունի՝ դեղ առնի, մահանում է, ինչքան ընկերներ կորցրեցի 44-օրյա պատերազմից հետո, ինքս այդ պատերազմից հետո քանի վիրահատություններ տարա։ Գիշերները չեմ քնում, պատճառը հենց Արցախն է, խոսում եմ Արցախի իմ ընկերների հետ… Արցախն իմ հայրենիքն է, իմ հողն է։ Կրկնում եմ՝ չի կարելի հող տալ՝ խաղաղության դիմաց, հող չեն տալիս խաղաղության դիմաց, հող ազատագրում են, որ խաղաղություն լինի։ Մենք ինչո՞ւ ունեցանք «Եռաբլուր», որ հող տան ու խաղաղությո՞ւն մուրան։ Դուք տեսեք՝ ինչպես են վերաբերվել գերագույն գլխավոր հրամանատարի հանդեպ, երբ նա Թուրքիա էր գնացել, որպես քաղաքացի՝ չեն ամաչել, որ իրենց երկրի ղեկավարն այդքան ամոթալի վիճակում էր հայտնվել։

Եթե մենք Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի նման ղեկավարներ ունենայինք, ովքեր իրենց հողն ու հայրենիքը սիրում էին, մենք այսօր նման ողբերգության մեջ չէինք լինի»,- ասաց ազատամարտիկը։

Նա ընդգծեց՝ չնայած այս ամենին, գիտի, որ լավ է լինելու, հայն իր հողի ու հայրենիքի տերն է լինելու, ամեն ինչ այսպես չի կարող շարունակվել։ Պարզապես սա մի մղձավանջ է, որի միջով հայերը պետք է անցնեն, քանի որ Աստծուց են հեռացել և մարդուն Աստծու տեղ են դրել։

«Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «աթոռի կռիվ մի արեք, հողի կռիվ արեք, որ աթոռին տեղ լինի»։ Մարդիկ այդպես էլ չհասկացան, որ այսօր ամենակարևորը սահմանի ամրությունն է, այսօր դրել ասֆալտ են անում, այ մարդ, սահմաններն ամրացրու, սահմանները, մեր երկիրը սկսվում է հենց այդ սահմանից, ոչ թե ասֆալտից։ Ես իմ ամբողջ երիտասարդությունը, գեղեցկությունը տվել եմ հայրենիքիս, հիմա ինձ ինչ էլ տան՝ քիչ է, բայց ինձ ոչինչ պետք չէ, ինձ իմ ազատագրած հայրենիքն է պետք։ Այն մղձավանջը, որի միջով մենք ենք անցել, ոչ մեկին չենք ցանկանում։ Տեսեք՝ Հայաստանում այսօր ինչքան միլիարդատերեր կան, ամբողջ մեր ժողովրդի քրտինք ու արյունն է, ինչպե՞ս կարելի է այսպես ապրել։ Ի՞նչ դարձան սրանք, նույնիսկ չգիտեն էլ, թե ինչպես է լինելու իրենց վախճանը, սարսափելի է լինելու»,- եզրափակեց Անահիտ Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս