«Պատերազմից առաջ մենք տարեկան մի քանի տասնյակ զոհ չէի՞նք ունենում, չէի՞ն կրակում». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ կա բանակցային գործընթաց, և այնտեղ՝ որպես այդպիսին, խնդիր չկա, կան կարծիքներ, որոնք փորձում են բերել ընդհանուր եզրերի և ստանալ ընդհանուր որևէ համագումար։
«Եթե Ադրբեջանն ուզում է, որ ռուսական կողմը վերահսկի մուտքը, ապա Հայաստանը նույնպես կարող է ուզի, որ ինչ-որ երրորդ երկրի ներկայացուցիչներ հսկեն, որովհետև սահմանների բացումը, ապաշրջափակումը փոխադարձ պրոցես է։ Եթե ադրբեջանցին պետք է գա ու Հայաստանի սահմանով գնա Նախիջևան, նշանակում է, որ Հայաստանի բնակիչը նույնպես կարող է Ադրբեջանի տարածքով գնա Ռուսաստան կամ որևէ այլ երկիր, պայմանները պետք է նույնը լինեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի այն հայտարարությանը, որ Հայաստանը համաձայնել է, որպեսզի Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկեն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներ։ Ադրբեջանի փոխվարչապետի այս հայտարարությունը հերքել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
Ըստ նրա՝ ճանապարհների ապաշրջափակման առումով Հայաստանի ու Ադրբեջանի տարաձայնությունները հիմնականում տեխնիկական են, խոսքը վերաբերում է մեկ պետության մեջ տեղաշարժին, և Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական «կարմիր գիծն» այն է, որ ինքն իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում, օրինակ, Բաքվից՝ Նախիջևան։
«Մենք հիմա հաճախ դրա մասին քիչ ենք խոսում, իսկ ինչու պատերազմից առաջ՝ 2020 թվականից առաջ, մենք տարեկան մի քանի տասնյակ զոհ չէի՞նք ունենում, չէի՞ն կրակում, կրակում էին։ Հիմա որ ասում են՝ դուք պատերազմ բերեցիք, իսկ այդ չակերտավոր խաղաղության տարիներն իրո՞ք խաղաղության տարիներ էին, իհարկե ոչ»,- ասաց նա։