Ինչո՞ւ Էրդողանի՝ Բաքու կատարելիք այցից առաջ հետաձգվեց վաշինգտոնյան հանդիպումը, ի՞նչ դեր ունի Հաքան Ֆիդանը

Այսօր՝ հունիսի 13-ին, Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հանդիպմանը հաջորդել են կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Այս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված էր նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, սակայն, ինչպես նախորդ շաբաթ տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը, հանդիպումն ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ  Ադրբեջանի խնդրանքը պայմանավորված է Բաքու Էրդողանի այցով։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով Էրդողանի այցի և այդ համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը հետաձգելու մասին, նախ ասաց, որ Էրդողանը վերընտրվելուց և իր երդման արարողությունից հետո հայտարարել էր՝ առաջին այցը լինելու է Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան, այդպես էլ եղավ։

Կարդացեք նաև

«Էրդողանը երեկ Հյուսիսային Կիպրոսում էր, հանդիպեց, այսպես կոչված, նախագահի հետ և երեկոյան ժամանեց Բաքու։ Երեկ Բաքվում Էրդողանի պատվին եղավ պաշտոնական ընդունելություն, այսօր տեղի ունեցավ նրա պաշտոնական հանդիպումն Ալիևի հետ։ Այսինքն՝ այս հանդիպումը նախատեսված էր, դրա մասին օրեր առաջ հայտարարված էր։ Սա, իհարկե, ունի սիմվոլիկ նշանակություն, որովհետև Էրդողանը դրանով իսկ ցույց է տալիս, որ, այսպես ասած, կանգնած է  Ադրբեջանի մեջքին։

Այստեղ մեկ հանգամանք կա, որը գրավել է իմ ուշադրությունը։ Այսպիսով՝ Թուրքիայի կառավարության առաջին նիստում քննարկվել են նաև, ինչպես պաշտոնական հաղորդագրությունից է երևում՝ Արցախի հետ կապված խնդիրները։ Երկրորդը՝ տեղի ունեցավ ադրբեջանական կողմի դիմումը Վաշինգտոնին, որպեսզի հանդիպումը հետաձգվի։ Երրորդը՝ Էրդողանը գալիս է Բաքու և հանդիպում է Ալիևին։ Եթե այս երեք փաստերը համադրենք, ապա ստացվում է վերլուծություն, որը չունի փաստական հիմնավորում, բայց կարող է լինել ենթադրություն-վերլուծություն։ Կարծում եմ՝ տեղի ունեցավ հետևյալը, երբ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը՝ Հաքան Ֆիդանը, սկսեց ծանոթանալ իրեն հանձնարարված գործերին, ծանոթացավ բանակցային այն գործերին, որոնք թուրքերն ունեին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ, հարց է բարձրացրել, որ այստեղ տեղի չի ունենում այն, ինչը պետք է լինի։ Հավանաբար դրա մասին զեկուցել է Էրդողանին, և դրա համար հետևեց Ադրբեջանի խնդրանքը՝ հանդիպումը հետաձգելու համար»,- շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետը ենթադրում է, որ Թուրքիայի Կառավարության նիստում որոշվել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի մասին հարցը և դրա վերաբերյալ դիտողությունները, որոնք ունի Ֆիդանը, քննարկվի Էրդողան-Ալիև հանդիպման ժամանակ, որպեսզի ընդունվի վերջնական որոշում և դրանից հետո միայն շարունակվի գործընթացը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական քննարկումներում Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությանը, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ հաշվի առնելով տեղի ունեցող իրադարձությունները, Ադրբեջանն իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ավելի կկոշտացնի։

Այդ ամենը Ռուբեն Սաֆրաստյանը բացատրեց հետևյալ հանգամանքով.

«Հավանաբար սա կապված է Հաքան Ֆիդանի՝ որպես նոր արտգործնախարար, կերպարի հետ։ Նա 2010 թվականի թուրքական հետախուզության ղեկավարն է, բազմաթիվ անգամներ ներգրավված է եղել գաղտնի դիվանագիտության մեջ և կատարել է Էրդողանի անձնական հանձնարարությունները։

Նա լավ փորձառություն է ձեռք բերել գաղտնի դիվանագիտական բնագավառում, լավ է հասկանում Թուրքիայի դիվանագիտական առանձնահատկությունները։ Սրան էլ ավելացնենք, որ մի քանի ամիս առաջ նախկին արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր Դավութօղլուն հայտարարել էր, որ հիմա ավելի լավ ժամանակ է Հայաստանից ստանալ այն, ինչ ցանկանում են։

Կարծում եմ՝ սա այդ մոտեցումն է, որը նաև կիսում  է Ֆիդանը, այսինքն՝ պետք է ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա և Հայաստանից ստանալ իրենց անհրաժեշտը։ Հիմա Թուրքիան Ադրբեջանից ավելի է պահանջելու կոշտացնել դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ որպես արդյունք այն հաղթանակի, որն Ադրբեջանը տարել է Թուրքիայի օգնությամբ»։

Հիշեցնենք, որ Էրդողանը Թուրքիայի նախագահ է 2014 թվականից՝ 2018 և 2023 թվականներին վերընտրվելով պաշտոնում։

2023 թվականի նախագահական ընտրությունները Թուրքիայում անցկացվեցին երկու փուլով, մայիսի 14-ին և մայիսի 28-ին, արդյունքում՝ Էրդողանը վերընտրվեց պաշտոնում։ Նրա երդման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս