Ակնհայտ էր, որ ծրագիրն ապագա չունի, բայց որոշ ուժերի հովանավորությամբ այն առաջ մղվեց

Կար ժամանակ, երբ կառավարությունը Հայաստանի տնտեսությունը մտադիր էր զարկ տալ արտադրական կանեփ աճեցնելով։ Այդ ժամանակ էլ պարզ էր, որ ծրագիրն ապագա չունի, բայց այն ընդունվեց ու դրվեց գործողության մեջ։

Ծրագիրն առաջ էր մղում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նախագիծը ներկայացնելիս Տիգրան Ավինյանը մեծ-մեծ հեռանկարներից էր խոսում։ Ասում էր, որ այն նոր հնարավորություններ է բացում գյուղատնտեսության համար, ձևավորում է անհրաժեշտ նախապայմաններ՝ բարձր ավելացրած արժեք ստեղծող մշակաբույսերի աճեցման համար։

«Ընդհանուր առմամբ այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և բազմազան ապրանքատեսակներում, ինչպիսիք են, օրինակ՝ տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի մեջ է օգտագործվում, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ»,- ասում էր Տիգրան Ավինյանը։

Կարդացեք նաև

Արտադրական կանեփ աճեցնելով՝ կառավարությունը հույս էր տալիս, որ ոչ միայն գյուղատնտեսական մշակաբույսերը կհամալրի բարձրաժեք կուլտուրաներով ու կդիվերսիֆիկացնի գյուղատնտեսությունը, այլև կլուծի չմշակվող մեծաքանակ հողերի խնդիրը։

«Հանրային-գիտական քննարկումներում հաճախ են հնչում գնահատականներ այն մասին, որ գյուղատնտեսության հնարավորությունների օգտագործումը Հայաստանում գտնվում է ցածր մակարդակի վրա՝ նկատի ունենալով, որ վարելահողերի զգալի մասը՝ մինչև 40-45 տոկոսը, ըստ էության, չի մշակվում: Այդ թերության ընդունումը, կարծում եմ, անհրաժեշտ է, բայց նաև ավելի կարևոր է ունենալ դրա լուծումը:

Ահա, այդպիսի լուծումներից է նոր տեսակի մշակաբույսերի, մասնավորապես՝ արտադրական կանեփի մշակումը, որը ոչ միայն գնային առումով նախընտրելի է ու էժան, այլև բարձրորակ հումքի աղբյուր է:

Ավելին, այստեղ մենք հնարավորություն ունենք լայնորեն օգտագործելու համաշխարհային, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի փորձը՝ մեր տնտեսության մեջ դիվերսիֆիկացիա ապահովելու, ներդրողների համար գրավչություն ստեղծելու տեսանկյունից:

Թերևս անժխտելի է աշխարհում արտադրական կանեփի նկատմամբ պահանջարկի աճը:

Եթե աշխարհում 2016թ. դրա վաճառքը կազմել է 2,76 մլրդ ԱՄՆ դոլար, ապա 2020թ.՝ 5,76 մլրդ ԱՄՆ դոլար։ 2027թ. ակնկալվում է, որ վաճառքը հասնելու է 15,26 մլրդ ԱՄՆ դոլարի:

Համաշխարհային տնտեսության այդ ոլորտ մուտք գործելն էական նշանակություն կունենա Հայաստանի տնտեսության համար: Անշուշտ, ոլորտի յուրահատուկ բնույթը հաշվի առնելով՝ ներդնելու ենք խիստ և հստակ կարգավորումներ՝ կրկին օգտագործելով միջազգային փորձը»,- երկու տարի առաջ ոգևորված հայտարարում էր այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Դեռ չսկսած՝ համաշխարհային շուկա մտնելուց, միլիոնավոր դոլարների հասնող շրջանառություններից ու օգուտներից էին խոսում, բայց տեսնում ենք, որ արդյունքը զրո է։ Ծրագրի մեկնարկից երկու տարի անց ոլորտում միայն մեկ ընկերություն է գործում, այն էլ, ինչպես էկոնոմիկայի նախարարն է ասում, կորցրել է «ախորժակը» և մտադիր է փակվել։

Էկնոմիկայի նախարարը դժգոհ է արտադրական կանեփի աճեցման ծրագրի իրականացման արդյունքներից։ Բայց այդ դժգոհության տակ այլ բան կա թաքնված՝ նեղացած է, որ ծրագրի իրականացումը տրվել է ոչ թե իրենց, այլ առողջապահության նախարարությանը։ Առողջապահության նախարարությունն էլ այնպիսի կարգավորումներ է մտցրել, որ ծրագրի իրականացումը տապալվել է։

«Երկու տարի առաջ, երբ քննարկվում էր, թե ինչ մոդելով պետք է արտադրական կանեփը զարգանա, մենք դիտարկում էինք այնպիսի կարգավորումներ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որի մասնաբաժինը զգալի կլինի մեր տնտեսության մեջ։ Հիմա՝ երկու տարի անց, երբ մենք ունենք 1 ընկերություն, որն «ախորժակը կորցրել է» այս բիզնեսի նկատմամբ ու փակվելու մտադրություն էլ ունի, կարիք կա մոդելն ընդհանրապես վերանայելու»,- դժգոհում է էկոնոմիկայի նախարարը:

Կարելի է ասել, ինչպես շատ այլ ծրագրեր, կառավարության կողմից այդքան փառաբանված այս մի ծրագիրն էլ լիովին ձախողվել է։ Առողջապահության նախարարությունը փորձում է ինչ-որ կերպ այն փրկել, բայց բախվել է դիմադրության։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ու էկոնոմիկայի նախարարությունը կոալիցիա են կազմել՝ ընդդեմ առողջապահության նախարարության, և փորձում են արտադրական կանեփի աճեցման վերահսկողությունն առողջապահության նախարարությունից վերցնել ու դնել էկոնոմիկայի նախարարության տակ։

Թեև ոչ մի հիմք չկա ասելու, որ դրանից հետո ծրագիրը կհաջողի։ Որովհետև խնդիրը ոչ թե մեխանիզմների վերանայման, այլև երևույթի մեջ է։

Ի սկզբանե էլ պարզ էր, որ արտադրական կանեփի աճեցման ու վերամշակման ծրագիրը դատապարտված է տապալման։ Այն Հայաստանում հեռանկարներ չունի, պարզապես հետպարտերազմյան շրջանում, երբ հասարակության մեջ լուրջ դժգոհություններ կային, կառավարությունը փորձում է ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծել։

Այդ հիմքի վրա էլ ընդունեցին ծրագիր, որը ոչնչով հիմնավորված չէր։ Ակնկալվող արդյունքներին էլ ուռճացված էին։

Կային մարդիկ, որոնք հետաքրքրված էին Հայաստանում արտադրական կանեփի աճեցմամբ, ու նրանց հետաքրքրությունները բավարարելու համար ընդունվեց այդ ծրագիրը։ Բայց հետո պարզվեց, որ ակնկալիքները չափազանցված են։

Անկախ նրանից՝ ինչպես կվերափոխեն ծրագիրը, կթողնեն առողջապահությա՞ն նախարարության կարգավորումների տիրույթում, թե՞ կտեղափոխեն էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ, այն Հայաստանում ապագա չունի։ Լավագույն դեպքում կլինեն մի քանի ընկերություններ, որոնք սահմանափակ տարածքում ու ծավալներով կզբաղվեն դրանով։ Արտադրական կանեփ աճեցնելով՝ գյուղատնտեսության մշակաբույսերի որակը փոխելու, չմշակվող հողերը մշակելու ու արտադրողականությունը բարձրացնելու հեռանկարներն անիրատեսական են։

Այնպես չէ, որ այն էկոնոմիկայի նախարարությանը հանձնելով՝ շատ բան կփոխվի։ Տեսել ենք, թե մինչև հիմա էկոնոմիկայի նախարարությունն ինչի է հասել՝ ծախսելով միլիարդավոր դրամներ ու իրականացնելով գյուղատնտեսական բազմաթիվ ծրագրեր։ Այդ ծրագրերի արդյունքն այն է, որ հինգերորդ տարին անընդմեջ գյուղատնտեսության մեջ անկում է գրանցվում։

Արտադրական կանեփի աճեցման ծրագիրը հաստատ այն չէ, ինչը փրկելու է գյուղատնտեսությունն ու կասեցնելու է անկումը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս