«Նկարագրվածը պարունակում է Կարեն Անդրեասյանը կողմից կատարված ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ». Րաֆֆի Ասլանյան
Երևան քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ 168.am կայքում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր մոտ է հրավիրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների, քվեաթերթիկներ է բաժանել և առաջարկել է Դատարանի «ստվերային» նախագահ ընտրել, քանի որ ինքը չի կարողանում աշխատել նույն Դատարանի նախագահ, ՀՀ լավագույն դատավորներից մեկի՝ Մխիթար Պապոյանի հետ։
Այլ հարց է, որ Մխիթար Պապոյանի հետ աշխատելը մեծ պատիվ է յուրաքանչյուր նորմալ մարդու և իրավաբանի համար, իսկ ըստ նույն տեղեկատվության, իհարկե, Կարեն Անդրեասյանն արժանապատիվ դատավորներից ստացել է համաչափ պատասխան, սակայն նկարագրվածը պարունակում է նաև նրա կողմից կատարված ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ, հետևաբար՝ տեղեկատվությունն ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակահարմարության հարցը լուծելու խնդրանքով։
Թեև չեմ բացառում, որ արդեն իսկ նախաձեռնված լինի քրեական վարույթ, քանի որ վերոգրյալ խայտառակության հերքումը կամ հաստատումն իրեն իրավական հռչակած պետության քրեական հետապնդման մարմինների համար մասնագիտական արժանապատվության խնդիր է»։