«Արցախի ազատության համար լումա ունեցած որևէ մեկը չի կարող թույլ տալ, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում». Աիդա Սերոբյան

Արցախյան պատերազմի մասնակից, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Աիդա Սերոբյանի խոսքով՝ որևէ հայ չի կարող ճիշտ համարել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում՝ 1988 թվականի շարժումը երբեք չէին նախաձեռնի։

«Մարդ, հայ մարդ, որը երբևէ նման բան կմտածի, թող հիշի, որ 90-ականներին Արցախն ազատագրելու համար մենք 7000 զոհ տվեցինք, 1150-ից ավելի անհայտ կորած ունեցանք, բազմաթիվ հաշմված մարդիկ, ինչո՞ւ այդ քայլին գնացինք. որպեսզի Արցախը չմնա Ադրբեջանի տիրապետության տակ։ Ես էլ չեմ խոսում այդ պատերազմին հաջորդած մյուս երկու պատերազմների ժամանակ տված մեր զոհերի մասին։

Արցախն ազատագրած, Արցախի ազատագրման ու ազատության համար լումա ունեցած որևէ մեկը չի կարող հաշտվել և չի կարող թույլ տալ, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում»,- 168.am հետ զրույցում ասաց Աիդա Սերոբյանը։

Ազատամարտիկը վստահեցնում է՝ Աստված չանի, եթե կրկին պատերազմ լինի, ապա հաշվի չի առնի տարիքը, զենք կվերցնի և կգնա Արցախ, ինչպես արեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Կարդացեք նաև

«Ես ի վիճակի եմ կրկին գնալ ու պաշտպանել հայրենիքս, ժողովրդին։ Վստահ եմ, իմ նման շատ-շատերը կգնան։

Ես պետք է հիշեցնեմ դրվագ, երբ Արցախի առաջին ազատամարտից հետո բազմաթիվ ազատամարտիկներ պետության կողմից անտեսված էին, ասում էին, թե այլևս ռազմի դաշտ չեն գնա, բայց իրադարձությունները հակառակն ապացուցեցին, նրանք կրկին զենք վերցրեցին։ Այսինքն՝ ազատամարտիկի, հողն ու ջուրը պաշտպանող մարդու համար հայրենիքն ամեն ինչից վեր է, նույնիսկ սեփական կյանքից»,- հավելեց Աիդա Սերոբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի ամբողջ ապագան կռվող ազատամարտիկների ու հայրենասերների ուսերին է, հետևաբար՝ նրանց գնահատել է պետք։

«Բոլորդ էլ լավ գիտեք, որ ազատամարտիկին հիշում են այն ժամանակ, երբ հայրենիքը նեղության մեջ է, այսինքն՝ հիշում են պատերազմից՝ պատերազմ»,- եզրափակեց Աիդա Սերոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս