«ՀՀ բնակչության մոտավորապես 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Սա Նիկոլի ոչ լեգիտիմության հերթական ապացույցն է». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես ՝ քաղաքական:
Եվ այսպես.
✅ Հայաստանի բնակչության մոտավորապես 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս:
Սա Նիկոլի ոչ լեգիտիմության հերթական ապացույցն է՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի կողմից գործադրվող հսկայական ջանքերի:
✅ Հարցվածների 86 %-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը:
Կտրուկ իջել են ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված սպասումները:
Եթե հունվար ամսին հարցվածների մոտավորապես 68 %-ից ավելին ունեին դրական սպասումներ, ապա այս չորս ամիսների ընթացքում դրական սպասումներ ունեցող մարդկանց թիվն իջել է մինչև 44:
Նման կտրուկ անկումը պայմանավորված է ԵՄ առաքելության արդյունավետության ապացույցների բացակայությամբ, ակնհայտ քաղաքականացվածությամբ, որը երևում է լրահոսից և բարձրաստիճան չինովնիկների գնահատականներից և Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում գործուն արդյունքների չգոյությամբ:
✅ Հարցումն ապացուցում է, որ հայ ժողովուրդը չի կորցրել նաև իր բարոյական նկարագիրը:
Այսպես ՝
Հարցվածների 72 %-ն արդարացի չի համարում տիկին Գայանե Հակոբյանին կալանավորելու մասին որոշումը՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի գործադրած ջանքերի:
✅ Հարցվածների մոտավորապես 90 %-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնատեժն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը:
Կրկին ՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կողմից այդ հուշարձանի և հուշարձանը տեղադրելու փաստի նկատմամբ տիրաժավորված բացասական գնահատականների:
✅ Հարցումն ապացուցում է նաև, որ հայ հասարակությունը խորապես հիասթափված է 2018 թվականի «հեղափոխությունից»:
Եթե 2018-ին հարցվածների 91 %-ը պնդում էր, որ մասնակցել է «հեղափոխությանը», ապա հիմա իրենց մասնակցությունը խոստովանողների թիվն իջել է 34.7 %-ի:
✅ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար իրական մահախոսական են տվյալները, որոնք ստացվել են՝ «որքանո՞վ է «թավշյա հեղափոխությունն» արդարացրել մարդկանց սպասումները» հարցի շրջանակներում:
Եթե 2018 թ.ի սեպտեմբերին հարցվածների 78 %-ն արդեն կարծում էր, որ սպասումները արդարացվել են, ապա հիմա՝ «սպասումներն արդարացվել են» պնդման կողմնակիցները ընդամենը 25 % են կազմում:
✅ Հարցումը եզրափակվում է Նիկոլ Փաշինյանի գործելաոճի գնահատմամբ:
* Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5 %-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8 %:
❗️Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա:
Մնում է ՝ սոցհարցումներով արձանագրված հայ ժողովուրդի զայրույթը, դժգոհությունը եւ արժանապատվությունը վերածվի գործողությունների։
Եվ այստեղ, իհարկե, քաղաքական, մտավոր, հոգևոր վերանախավերն ունեն իրենց բաժին պարտականություններն ու պատասխանատվությունը»։