Հանձնաժողով են ստեղծել, բայց չի գործում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 21-ի հրամանով՝ ստեղծվել է «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով»՝ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այդ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է հրավիրել 2019 թվականին։
Իսկ ո՞րն է պատճառը. նախ՝ նշենք, որ հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկված են բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ), բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ եւ այլք։
Իսկ ինչո՞ւ էր ստեղծվել հանձնաժողովը. պարզվում է՝ նրանք պետք է համակարգեն, որ բարեգործություն անելու համար նախ դիմեն Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ, հենվելով օրենքի ու որոշումների կարգավորումների վրա, ուսումնասիրում է տարբեր հայտեր, ծրագրերը բարեգործական ճանաչելու մասին եզրակացություն տալիս: Եթե հայտը համապատասխանում է, ապա այն ճանաչվում է բարեգործական։
Այս հանձնաժողովի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում էր Վարագ Սիսեռյանը՝ լինելով փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։ Նրա՝ 2020 թվականին պաշտոնից եւ ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին դիմումից հետո այս հանձնաժողովն այլեւս չի գործում։ Ամեն դեպքում, այդ մասին են վկայում պաշտոնական փաստաթղթերը»: