Թրամփը հաջորդ երեքշաբթի կկանգնի դաշնային դատարանի առաջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 13-ին կկանգնի Մայամիի դաշնային դատարանի առաջ: Նրան մեղադրում են ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկությունները կանխամտածված կերպով պահելու համար:
Թրամփին նաև մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու և կեղծ ցուցմունքներ տալու համար:
Եթե ԱՄՆ նախկին նախագահին մեղավոր ճանաչեն, ապա նա կարող է ազատազրկվել: Այնուամենայնիվ, Թրամփը կարող է շարունակել իր նախընտրական քարոզարշավը, եթե նույնիսկ նրա դեմ դաշնային դատարանում մեղադրանքներ ներկայացվեն:
Truth Social սոցիալական հարթակում Թրամփը հայտարարել է, որ դատախազությունն իրեն մեղադրանք է ներկայացրել իր նախագահության տարիների հետ առնչվող փաստաթղթերի հետ սխալ վարվելու համար: Անցյալ տարի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները մտել էին Ֆլորիդայում Թրամփի կալվածքը և այնտեղից փաստաթղթերով արկղեր առգրավել. փաստաթղթերից մի քանիսի վրա նշված էր եղել «հույժ գաղտնի»: Ըստ օրենքի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո բոլոր նախագահական փաստաթղթերը պետք է հանձնվեն Ազգային արխիվ:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի արել, և որ իր դեմ մեղադրանքները փորձ են՝ տապալելու իր նախընտրական քարոզարշավը:
Թրամփի պաշտպանությամբ են հանդես եկել հանրապետական բազմաթիվ քաղաքական գործիչներ, նույնիսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը, որը Թրամփի հետ մրցակցում է 2024 թ.-ի նախագահական ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվելու համար:
Մայիսին երդվյալ ատենակալներն ԱՄՆ նախկին նախագահին մեղավոր էին ճանաչել 1996 թ.-ին լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ և պարտավորեցրել նրան վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում: