Ո՞ր երկրներից են շատ գալիս Հայաստան և որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը
Այս տարվա մայիսին 176 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն և նշում, որ սա լավագույն ցուցանիշն է՝ նախորդ տարիների համեմատ:
Օրինակ, 2019 թվականի մայիսին Հայաստան է այցելել 146 հազար զբոսաշրջիկ, 2022-ին` 116 հազար:
2023թ. մայիսին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, կազմում է 52 տոկոս: Երկրորդ տեղում Վրաստանն է` 12 տոկոս, երրորդում Իրանը` 6 տոկոս, ապա ԱՄՆ-ն է՝ 1 տոկոս, Ուկրաինան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելառուսը: Չինաստանից այցելել են 0.4 տոկոսը, այլ երկրներից՝ 24 տոկոս:
50 տոկոսը 36-63 տարեկան անձինք են:
«ԱՆ ՆՈՒՌ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Նավասարդյանի դիտարկմամբ՝ ճամփորդելու նպատակով Ռուսաստանի քաղաքացիների հոսքերը դեպի Հայաստան նաև պայմանավորված են շենգենյան երկրների և ԱՄՆ դեսպանատներից վիզա ստանալու հանգամանքով։
«Դեսպանատներում կուտակված մեծ հերթերի հիմնական պատճառն էլ սա է։ Իսկ Վրաստանից մեզ հյուրընկալում են Վրաստան-Հայաստան համակցված էքսկուրսիոն ծրագրերի շնորհիվ: Սա նաև խոսում է այն մասին, որ դեպի Վրաստան օդային փոխադրումների ուղղություններն ավելի շատ են, և տարբեր երկրներից շատ են տուրիստական հոսքերի ժամանումները։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներից ՀՀ քիչ ժամանելուն, ապա խնդիրը դարձյալ օդային փոխադրումների հետ է կապված։ Ինչպես գիտենք, հայտնի պատճառներով Հայաստանը հայտնվել է ԵՄ սև ցուցակում, հետևաբար՝ զբոսաշրջիկների նվազ թիվը դեպի Հայաստան թռիչքների ոչ բավարար քանակից է կախված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աննա Նավասարդյանը:
Հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ են նախընտրում հայերը հանգստանալ՝ երկրի ներսո՞ւմ, թե՞ արտերկրում, տուրիստական ընկերության տնօրենը հայտնեց, որ հայերը շատ են դիմել Եգիպտոս/ Շարմ էլ Շեյխ, Հուրգադա մեկնելու համար, քանի որ համեմատաբար մատչելի է, ինչպես նաև ոչ երկար թռիչքով ծովային հանգիստ է:
«Հունաստան, Կիպրոս, Իսպանիա հանգստանալու գնում են նրանք, ովքեր մուլտիվիզա ունեն։ Մինչև նոյեմբերի վերջ դեսպանատներում ժամադրություն վերցնելը գրեթե անհնար է։ Խմբային էքսկուրսիոն ծրագրով այս տարի հատկապես շատ են մեկնել Չեխիա»,- նշեց Աննա Նավասարդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում էլ կարելի է հագեցած հանգիստ անցկացնել ու նաև ճանաչել սեփական երկիրը:
«Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի տուրիզմի ոլորտում լուրջ հաջողություններ գրանցելու համար, պարզապես երկար տարիներ մենք չենք գնահատել մեր ունեցածի արժեքը կամ չենք հասկացել դա։ Իսկ այդ ամենը միջազգային տուրիզմում առաջ տանելու համար զարգացած ավիացիա պետք է ունենանք` շատ ու շատ ուղղություններով։ Շեշտեմ նաև, որ զբոսաշրջությունը սկսվում է ուղևորափոխադրումով, իսկ եթե տվյալ ոլորտում կան խնդիրներ, ապա դա ուղիղ հարված է նաև տուրիզմի ոլորտին»,- եզրափակեց մեր զրուցակիցը: