«Տեղահանվածների համար հրատապ խնդիրը շարունակում է մնալ բնակարանների խնդիրը». ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի պետ
ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբը շարունակում է հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված այն քաղաքացիներին, որոնք կորցնելով իրենց տունը՝ ստիպված տեղափոխվել են Հայաստան։
168.am–ի հետ զրույցում Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ասաց, որ այս պահին շտաբում գործում են 18 տարբեր ստորաբաժանումներ, որոնք սպասարկում են Արցախից տեղահանված բնակիչներին, նաև այն արցախցիներին, որոնք նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու պատճառով Հայաստանից չեն կարողանում գնալ Արցախ։
Նա ընդգծեց, որ տեղահանված բնակիչները, որոնք ունեն բնակարան գնելու սերտիֆիկատ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում սերտիֆիկատն օգտագործել: Օպերատիվ շտաբն էլ լիազորություններ չունի աջակցելու, իսկ հարցի հասցեատերը ՀՀ կառավարությունն է, որն ունի հատուկ որոշում՝ այդ հարցերը կարգավորելու վերաբերյալ։
«Այդ խնդիրները կարգավորող կողմը ՀՀ սոցապ նախարարությունն է։ Մենք միայն ցուցակների հետ կապված հարցերն ենք կարգավորում, թե, օրինակ, որ ընտանիքներն են ընդգրկված, որոնք՝ ոչ։ Բնակիչների և բանկերի միջև առաջացած խնդիրները մենք լիազորություններ չունենք լուծելու, մարդկային առումով ինչ հնարավոր է՝ անում ենք»,- նշեց Միքայել Վիրաբյանը։
Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե Արցախից քանի տեղահանված կա շտաբում գրանցված։
«Մենք միշտ բաց ենք եղել թվեր հնչեցնելու առումով, բայց այս պահին ունենք արդեն հրամանագիր Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ։ Նույն թվաքանակը, ինչ հնչել է մեր կողմից նախկինում, այժմ մի փոքր ավելին է, չհաշված ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանում մնացած քաղաքացիների թվաքանակը։
Տեղահանվածների համար հրատապ խնդիրը շարունակում է մնալ բնակարանների խնդիրը։ Մեզ շատ են դիմում տեղահանվածներ, որ իրենց վարձակալած բնակարանի տերը դուրս է հանում, գրեթե ամեն օր նման հարցով մեզ դիմում են։ Մենք էլ փորձում ենք նրանց հետ այլ բնակարան փնտրել, օգնել տեղափոխվել։
Իհարկե, խնդիրները տարբեր են լինում, հիմա կրթության վերաբերյալ հարցով ենք զբաղված, որպեսզի դպրոցն ավարտած մեր երեխաներն ամռանը կարողանան ընդգրկվել տարբեր ճամբարներում։
Ինչ վերաբերում է միանվագ 40 հազար դրամներին, որը տրվում էր տեղահանված ընտանիքների յուրաքանչյուր անդամին, ապա մոտ օրերս կսկսվեն մարտ ամսվա վճարումները։ Ապրիլի 1-ից այդ որոշման մեջ ունենք փոփոխություն, հիմա փորձում ենք վճարը կապել ընտանիքի հետ, 1-2 շնչից բաղկացած ընտանիքին՝ այլ գումար, 3-4 շնչին՝ այլ գումար, և այլն։ Այդ գումարները լինելու են խելամիտ, ընդհուպ արտահայտելու է բնակարանի վարձավճարի չափը կամ վարձավճարի չափին մոտ»,- եզրափակեց Միքայել Վիրաբյանը։