Բաժիններ՝

Արական սեռի ներկայացուցիչները, ովքեր այս մասնագիտություններով անվճար կընդունվեն, կօգտվեն զորակոչի տարկետման իրավունքից. Կարո Նասիբյան

Ավարտվել է 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը:

Հունիսի 9-ից մեկնարկելու են միասնական քննությունները և առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 27-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներով:

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի փոխանցմամբ՝ 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների Երևանի և մարզերի քննական կենտրոններն ընդհանուր առմամբ 40-ն են. 26-ը՝ մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում:

«Բոլոր մարզերում մեկ քննական կենտրոն կա, բացառությամբ  Սյունիքի, որտեղ քննական կենտրոնները երկուսն են. կազմակերպվում են քննությունները և՛ Գորիսում, և՛ Կապանում: Կոտայքում, թվում է, թե պետք է ընտրեինք Հրազդանը, սակայն ընտրել ենք Չարենցավանը՝ հաշվի առնելով, որ այն գտնվում է այդ տարածաշրջանի կենտրոնում: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս դիմորդներն ավելի շատ քննություն հանձնելու են «Անգլերեն» առարկայից՝ թիվը կազմում է 5491, բայց ունենք 5 մարզ, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն հանձնողների թիվն ավելի շատ է. այդ մարզերն են՝ Գեղարքունիքը, Լոռին, Շիրակը, Վայոց ձորը և Տավուշը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԳԹԿ փոխտնօրենը:

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ հունվարին քննություն հանձնած դիմորդների մեծ մասը  ցանկություն է հայտնել քննություն հանձնել նաև հունիսին:

Թե կոնկրետ որ մասնագիտություններն են  նախընտրում դիմորդները, Կարո Նասիբյանը պարզաբանեց. «Ինչպես գիտեք, տարիներ շարունակ ավելի շատ դիմում էին տնտեսագիտական  մասնագիտություններով, ու բոլոր բուհերում սկսեցին դասավանդել այդ մասնագիտություններով: Դիմորդների թիվն անհամեմատ բարձր է ՀՊՏՀ  «Ֆինանսներ», «Կառավարում», «Շուկայագիտություն» մասնագիտությունների համար: ԵՊԲՀ-ում ակտիվություն ենք նկատում «Ստոմատոլոգիա» մասնագիտության դեպքում: Այն կարծես թե ավելի բարձր է, քան «Բուժական գործ»-ի դիմորդների թիվը:

168.am-ի հարցին՝ ամեն տարի պետությունն առաջնահերթ ուղղություններ է ընտրում. այս տարի որո՞նք են այդ ուղղությունները, ի՞նչ առավելություններ կան, և արդյո՞ք կա դիմելիություն, Կարո Նասիբյանը պատասխանեց. «Կառավարությունը երկար ընդմիջումից հետո որոշում կայացրեց, որ անվճար մի քանի մասնագիտություններով ընդունվողները կօգտվեն զորակոչային տարկետման իրավունքից: Այդ մասնագիտություններից 6-ը ԵՊՀ-ում է, 4-ը՝ Պոլիտեխնիկականում: Մասնագիտություններից են՝ ռադիոֆիզիա, նանոֆիզիկա, քիմիա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ, ատոմային էներգետիկա, մեքենաշինություն և նյութերի մշակում: Այս մասնագիտությունների համար նույնիսկ անվճար տեղերի թիվն ավելացել է: Արական սեռի ներկայացուցիչները, ովքեր այս մասնագիտություններով անվճար կընդունվեն, կօգտվեն զորակոչի տարկետման իրավունքից: Ի դեպ, եթե ընդունվում են անվճար ու մեկ տարի հետո ըստ կարգի տեղափոխվում են վճարովի համակարգ, այնուամենայնիվ, նրանք տարկետումից չեն զրկվում: Տարկետում տրվում է 4 տարի ժամանակով, եթե բուհից դուրս չեն մնում»:

Մեր հաջորդ հարցին՝ նախորդ տարի շատ քիչ էին նախընտրել ազգային նվագարանները, ի՞նչ վիճակ է այս տարի, ԳԹԿ փոխտնօրենը պատասխանեց, որ գրեթե նույն վիճակն է, էական փոփոխություն չկա:

Տեսանյութեր

Լրահոս