Արյունոտ ժպիտ, կամ՝ Նիկոլ Փաշինյանը՝ ցեղասպան եղբայրների ակումբում

  • «Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը։ Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է, և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը` ստանձնելով, թերևս, մի նորագույն պատմական առաքելություն»,- սա Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն է՝ արված 01.10.2020 թվականին:
  • «Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին կարելի է լրջորեն խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան իրենց նպատակներով հանդերձ հեռանան այս տարածաշրջանից. Թուրքիան նպատակ ունի վերականգնել թուրքական կայսրությունը, եթե այս տարածաշրջանում դա հաջողվի, Թուրքիան կընդարձակվի դեպի մայրցամաքային Եվրոպայի տարածքներ։ Դա Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության շարունակությունն է: Պարզապես Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին և նրանց ընդլայնմանը դեպի Հյուսիս, Արևելք և Հյուսիսային Արևելք։ Ես կասկած չունեմ դրա վերաբերյալ: Դա Թուրքիայի պատմական նպատակն է»,- 10.2020թ. «France24»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք կարծում է, որ Թուրքիան ցանկանում է ազատվել Հայաստանից:

Ապա նույն հարցազրույցում նա շարունակել է.

«Թուրքիան հիմա հստակ նպատակ ունի՝ վերականգնել Թուրքական կայսրությունը: Եվ չզարմանաք, եթե այդ քաղաքականությունն այստեղ հաջողություն ունենա, չզարմանաք, եթե նրանք փորձեն ընդգրկել այդ կայսրության մեջ ոչ միայն հունական կղզիները, այլ ավելի ընդարձակվեն դեպի մայրցամաքային Եվրոպա և մայրցամաքային Եվրոպայի տարածքներ: Եթե Թուրքիան այս գործում հաջողության հասնի, ուրեմն սպասեք նրան Վիեննայում»,- ասել է Փաշինյանը։

  • «Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները։ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմին՝ որպես Ադրբեջանի զինուժի դաշնակից, մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ: Եվ այդ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան: Այս պատկերն ամբողջանում է դրանով: Մեր ռազմական փորձագետներն ասում են, որ այսպիսի լայնածավալ պատերազմ՝ այսքան զինուժի, տեխնիկայի, զինատեսակների կիրառմամբ, թերևս, 21-րդ դարում ընդհանրապես ոչ մի տեղ չի եղել կամ էլ եղել է, համենայնդեպս, ոչ հաճախ: Եվ դա ունի մեկ բացատրություն՝ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում: 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը մենք պետք է դիտարկենք այն ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Եվ այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տա այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի, անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մոտակայքում: Եվ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջան պետությունը կլանելու խնդրի լուծում: Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները»,- հայտարարել է նույն Նիկոլ Փաշինյանը՝ 10.2020թ. գերմանական «Spigel» շաբաթաթերթին տված հարցազրույցում:
  • «Առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի։ Խնդիրն այն է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի խառը և խառնաշփոթ իրավիճակի հետ գործ ունենք: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նաև Պակիստանից են զինյալներ մասնակցում ընդդեմ Ղարաբաղի պատերազմին: Եվ գուցե թե այս ամենի բազմաշերտությունն է, որ հնարավորություն չի տալիս կայունացնել իրավիճակը․․․ Այն, որ Ադրբեջանի կողմից այսօր կռվում են զինված ահաբեկիչներ, փաստ է: Ես չգիտեմ մի դեպք, որ զինված ահաբեկիչները կարող են որևէ տեղ ներգրավվել զինադադարի համար: Եվ երրորդը՝ Թուրքիան, երբ ամեն անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվում հրադադարի վերաբերյալ, հրապարակային հայտարարում է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները: Այս տրամաբանական շղթան կառուցելով՝ կարելի է շատ հեշտ դուրս բերել, թե ով է, որ չի պահպանում հրադադարի ռեժիմը․․․

– Նկատի ունեք Թուրքիայի՞ մասնակցությունը:

– Այո, իհարկե, կան կոնկրետ ապացույցներ և հիմնավորումներ, և ուզում եմ ասել, որ այս պատերազմը դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների շարունակություն, որ նրանք սկսել էին դեռևս օգոստոս ամսին: Թուրքիան չի էլ թաքցնում իր ներգրավվածությունն այս գործընթացում. Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք Ադրբեջանին աջակցում են ռազմի դաշտում, և թուրքական զինուժի ներկայացուցիչները, և թուրքական ռազմական տեխնիկան, մասնավորապես, «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնցից արդեն մոտ մեկ տասնյակ խոցվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից, այդ ամենը վկայում է, որ Թուրքիան ուղղակի ներգրավված է պրոցեսի մեջ: Եվ նաև այն վկայությունները, որ Թուրքիան Սիրիայում հավաքագրել է վարձկանների և ահաբեկիչների ու տեղափոխել հակամարտության գոտի․․․ Կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի ներկայությունը՝ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ վարվող ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Դուք գիտեք, որ 20-րդ դարի սկզբին՝ մասնավորապես՝ 1915 թվականին, Օսմանյան Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրների կողմից արդեն իսկ պաշտոնապես ճանաչված է, և որի հետևանքով էթնիկ զտում է տեղի ունեցել շատ մեծ տարածքների վրա: Եվ հիմա իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Սա ունի կոնկրետ պրագմատիկ նպատակ: Որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ իր իմպերիալիստական քաղաքականությունը դեպի հարավ, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար»,- կրկին նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 10.2020թ.՝ հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

  • «Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքներ Ստեփանակերտում և Շուշիում՝ ավիահարվածների միջոցով դիտավորյալ հարվածելով ծննդատանը և առողջության կենտրոնին». սա էլ Նիկոլ Փաշինյանի 102020թ. թվիթերյան գրառումն է՝ գրված նույն օրը Ստեփանակերտի ռմբակոծված Մոր և մանկան առողջության կենտրոնից։

Եվ այսպես,

Թուրքիայի մասին վերոնշված դատողությունները բառացի մեջբերումներ են Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմում այդ երկրին տված գնահատականներից։

Պատերազմից անցել է ավելի քան 2.5 տարի, Թուրքիան ոչ միայն որևէ հայտարարությամբ, որևէ գործնական քայլով չի հերքել Նիկոլ Փաշինյանի գնահատականները, չի փարատել Ադրբեջանին աջակցելու ու հայերի ցեղասպանությունը 100 տարի անց շարունակելու մտահոգությունները, այլ շատ ավելի առարկայաբար, առանց ավելորդ ձևականությունների, ապացուցել է Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականին տված գնահատականների ճշմարտացիությունը։ Ավելին, ցանկացած հարմար առիթի թե Էրդողանը, թե Թուրքիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս նշել են, որ առանց իրենց գործուն աջակցության՝ Ադրբեջանը նման արդյունքներ չէր ունենա, սկսած՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի ունեցած դերից…

Այսինքն՝ Թուրքիան, առանց ուղիղ հայտարարելու, ամբողջովին ընդունել է իր մեղքն արցախյան պատերազմի 4000-ից ավելի զոհերի, հազարավոր հաշմանդամների, հայ բնակչության տեղահանության և մնացյալ հրեշավոր արարքների հարցում։ Ընդունել է ոչ միայն այդ մեղքը, այլ յուրաքանչյուր հեռախոսազրույցի ու այցի ընթացքում այդ երկրի նախագահ Էրդողանն ընդունում է Ալիևի երախտագիտությունը հայկական ցեղասպանության 44-օրյա արարին աջակցելու հարցում։

Ավելին, Էրդողանի կինը հայտնի տեսանյութում Ալիևին խորհուրդ էր տալիս Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս՝ պորցիաներով փոխանակել:

Ստորև բերված են լուսանկարներ, որոնք կատարվել են ընդամենը երկու օր առաջ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ։ Այդ լուսանկարներում պատկերածված է նույն մարդը, նույն երկրի նույն ղեկավարը, ով ընդամենը 2.5 տարի առաջ հնչեցրել է վերը մեջբերված գնահատականները։

Հայաստանը, ահա, ապրում է այս երկու զուգահեռ իրականությունների միջև դեպի անդունդ գնացող միջակայքում, որում 2.5 տարի առաջ ցեղասպանություն գուժող ղեկավարն այսօր լայնադեմ ու շողոքորթ ժպտում, քծնում է նրանց, ովքեր, ըստ իր իսկ գնահատականի, Հայաստանը վերացնելու նպատակ ունեին և ունեն։ 

Նա ժպիտով է պատասխանում հազարավոր հայ երիտասարդների մահվան, իր իսկ ցուցադրած ծննդատան ռմբակոծման հեղինակներին։ Եվ այդ նույն մարդը աշխարհից, միջազգային հանրությունից պահանջում է, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի՝ արցախահայերին էթնիկ զտման ենթարկելու սպառնալիքները։ Միջազգային հանրության ներկայացուցիչները քաղաքավարաբար չեն ասում, բայց մտածում են, որ առնվազն լկտիություն է դատապարտում ակնկալել իրենցից, այն դեպքում, երբ ակնկալողը պատասխան ժպիտներ է մուրում իր ազգին ցեղասպանողներից։

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը որևէ տեղ, որևէ առիթով չի չեղարկել իր նախկին հայտարարությունները, չի ասել, թե սխալվել է, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցելով, Հայաստանը վերացնելու ու 100 տարի անց ցեղասպանությունը կրկնելու նպատակ ունի։ Այսինքն՝ նրա նախկին հայտարարությունները գոնե ֆորմալ առումով մնում են ուժի մեջ։

Էրդողանի թիկունքում ու Ալիևի առջև էքստազային դիմախաղ ցուցադրելուց առաջ նա կարող էր գոնե ձևականորեն ներողություն խնդրել սեփական ժողովրդից և արդարանալ՝ ասելով, որ 2.5 տարի առաջ մոլորվել է ու զրպարտել է Թուրքիային ու Ադրբեջանին՝ այդպիսով թշնամանք ու ատելություն սերմանելով հայ հասարակության շրջանում։ Նա դա չի արել, այսինքն՝ ֆորմալ առումով ողջագուրվել է նրանց հետ, ովքեր, իր իսկ պնդմամբ, Հայաստանը վերացնելու նպատակ ունեն։ Այսպիսով, կամ Նիկոլ Փաշինյանը ստում էր 2.5 տարի առաջ, ինչի համար ներողություն չի խնդրել, կամ ստում է այսօր՝ խաղաղություն մուրալով նրանցից, ովքեր շարունակում են ցեղասպանության վտանգ ներկայացնել հայ ժողովրդի համար։

44-օրյա պատերազմի ավարտին հաջորդած օրերին, տարբեր բունկերներից Նիկոլ Փաշինյանը խոսում էր քաղաքացու վրեժի մասին՝ այն բանից հետո, երբ իր կեցավայրից օծանելիք, ժամացույց և կնոջ վարորդական իրավունքն ու կախազարդն էին գողացել։ Օծանելիքը հայտնաբերվե՞ց, թե՞ ոչ, հայտնի չէ։ Փոխարենը հայտնի է, ընդամենը 2.5 տարի անց նա լուսանկարչական մոդելի դեր է ստանձնել նրանց համար, ովքեր իր իսկ պնդմամբ՝ ցեղասպանություն էին իրականացնում Արցախում և նույնը նախապատրաստում էին Հայաստանում։

Հայտնի չէ նաև՝ Նիկոլ Փաշինյանը հիշո՞ւմ է իր իսկ հարցազրույցներն ու հայտարարությունները Թուրքիայի մասին։ Հնարավոր է՝ այո։ Բայց հավանական է, նաև, որ նա ինչ-որ ազդեցությամբ ջնջել է սեփական հիշողությունը, ինչից հետո ձեռնամուխ է եղել հայ հասարակության շրջանում պատմական հիշողությունը ջնջելու նողկալի գործին։  

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս