42 միլիոն դրամ դրամաշնորհով Երեխաների պաշտպանության օրվան նվիրված Գյումրու համերգը՝ առանց Տավուշի երեխաների
Երեխաների պաշտպանության օրը Գյումրիում վերածվել է մանր վրեժխնդրության ակցիայի. ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ հաշված րոպեների ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հրահանգով փոխել էին համերգի ժամը՝ 14-ի փոխարեն առաջարկելով 12-ը, ապա ապամոնտաժել էին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը, քանի որ տեղեկացել էին Բագրատ սրբազանի գլխավորությամբ դեպի Գյումրի շարժվող ավտոերթի մասին։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ այս համերգին պետք է ներկա լիներ նաև ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը։
Ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր՝ Գյումրու Թատերական հրապարակում այսօր ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի բացմանը ելույթ էր ունենալու նաև Տավուշի թեմի «Տա հույս» երգչախումբը։ Երգչախումբը մասնակցում էր «Ազնավուր» հիմնադրամի հրավերով։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, արձագանքելով ստեղծված իրավիճակին, շեշտել է՝ այս իշխանությունն ամեն բան քաղաքականացրել է:
«Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ,- նշել է Սրբազանը և հավելել,- Ծնողները Տավուշից վեր են կացել-եկել են, որ գան 2-ին հասնեն տեղ, դու ո՞նց ես ժամ փոխում. Ո՞վ ես դու: Պետական միջոցների վճարողն էլ ենք մենք. Հորդ տնի՞ց ես բերել այդ միջոցները»:
Ի դեպ, այս համերգի համար ԿԳՄՍ նախարարությունը դեռ մայիսի 8-ին դրամաշնորհ է հատկացրել Ազնավուր հիմնադրամին: Դրամաշնորհի պայմանագրի գինը կազմել է 42 միլիոն դրամ: Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված բացօթյա համերգի ընթացքում նախատեսված էր մանկական երգչախմբերի, մանկապատանեկան ստեղծագործական կոլեկտիվների ներկայություն: Փաստորեն, երեխաների տոնը, մեծահասակ մի պաշտոնյայի որոշմամբ, անցավ առանց տավուշցի երեխաների: