Բաժիններ՝

«Կարող ենք մրցունակ լինել, եթե ունենանք անհրաժեշտ քաղաքականություն և ինստիտուցիոնալ բարեփոխումներ». Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կանխատեսմամբ՝ այս տարի  Հայաստան կայցելեն այն երկրների զբոսաշրջիկները, որոնք կորոնավիրուսից հետո չէին այցելել։

«Երկրներ կան, որոնք այս տարի նորից կվերսկսեն գալ Հայաստան, բայց նրանք ոչ առաջին անգամն են Հայաստան գալիս։ Կորոնավիրուսից առաջ այդ շուկաները, այսպես ասած՝ բավականին դինամիկ զարգացում էին ապրում, օրինակ՝ չինական շուկան։ Չինաստանը մինչև կորոնավիրուսը սկսել էր աստիճանաբար բացահայտել Հայաստանը՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Չինաստանի կողմից Հայաստանը հայտարարվել էր՝ որպես երաշխավորված զբոսաշրջային երկիր, և արդեն լավ դինամիկա էինք ունենում, սակայն կորոնավիրուսի ժամանակ այն փակվեց և բացվել է միայն այս տարի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեխակ Ապրեսյանը։

Շարունակելով թեման՝ նա նաև ասաց՝ հնարավոր է, որ Հայաստան գան նաև հեռավոր արևելյան երկրներից, օրինակ՝ Ճապոնիայից, որն ավելի լավ դինամիկա ուներ, քան չինականը, ավելի երկար պատմություն և դեպի Հայաստան այցելություններ։

«Հայաստանով հետաքրքրվում են նաև Ծոցի Արաբական երկրները։ Իհարկե, կորոնավիրուսից առաջ էլ որոշակի դինամիկա զարգանում էր, բայց այդ երկրները համեմատած այլ երկրների ու շուկաների հետ՝ ավելի նոր են։ Նաև կա հետաքրքրություն Արևելյան եվրոպական, Բալթյան երկրներից»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Միաժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ նոր հետաքրքրություններ, իհարկե, զբոսաշրջային տարբեր անկյուններում պարբերաբար հայտնվում են՝ հետաքրքիր առաջարկներ, զբոսաշրջային արդյունքը բավականին բազմազան է։

«Մեր մասնավոր հատվածը շատ ստեղծագործ է, կարող ենք լինել մրցունակ, եթե ունենանք անհրաժեշտ քաղաքականություն, ինստիտուցիոնալ բարեփոխումները չուշացնենք, իրականացնենք, որպեսզի դրանք այսօրվա զարգացումներին ու մարտահրավերներին համարժեք՝ կարողանան մեր խնդիրները լուծել։ Այնպես անենք, որ զբոսաշրջությունը զարգացնենք կայուն զարգացման սկզբունքներով՝ ի նպաստ ցանկալի քաղաքականության»,- եզրափակեց  Մեխակ Ապրեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս