Ինչո՞ւ է նվազել զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը․ պարզաբանում են մասնագետները՝ շեշտելով տնտեսական ու անվտանգային գործոնների ազդեցությունը

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը, որում արձանագրվում է` 2024թ. առաջին կիսամյակում զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը նվազել է 62 տոկոսով։

ՀԲ-ն սա պայմանավորել է 2024թ. առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումների թվի 6.1 տոկոս անկմամբ և մեկ զբոսաշրջիկի հաշվով միջին ծախսերի 25 տոկոս նվազմամբ՝ 2023թ. բարձր կատարողականից հետո:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.amի հետ զրույցում վերահաստատեց՝ ոլորտում ցուցանիշների որոշակի նվազում կա, այդուհանդերձ շեշտեց՝ դա անկման միտում չէ, քանի որ ոլորտը շարունակում է զարգանալ։

Կարդացեք նաև

«Նվազումը պայմանավորված է առաջին հերթին աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակով, մեկ այլ գործոն է այն, որ մեզ համար շատ կարևոր նպատակային երկրների՝ եվրոպական, ամերիկյան, ճապոնական իրավասու մարմինների պաշտոնական կայքէջերում, ցավոք, Հայաստանը դեռևս կարմիր սահմանագծերով է ներկայացված։ Այսինքն, ոչ այնքան անվտանգ երկիր է դիտարկվում»,- նշեց Մեխակ Ապրեսյանը՝ նկատելով, որ պաշտոնական այս կառույցների գնահատականը մղում է այդ երկրների պոտենցիալ զբոսաշրջիկներին, Հայաստանի հետ աշխատող գործընկեր զբոսաշրջային օպերատորներին, ապահովագրական ընկերություններին առավել զգուշավոր լինել։

Մեկ այլ գործոն, որն ընդգծեց տուրիզմի մասնագետը, գնաճն է ու արտարժույթի նկատմամբ դրամի խիստ արժևորումը։

«Բայց սրանք բոլորը կարգավորվող հարցեր են․ քաղաքականության վերանայման արդյունքում մենք կարող ենք իրավիճակը բարելավել,- հավելեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը՝ տեղեկացնելով, որ ֆեդերացիան ևս առաջարկություններ է հղել կառավարությանն ու տնտեսական գերատեսչությանը,- Արդեն շրջանառվում է մեր առաջարկություններից մեկը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ուղղված է ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառմանը։ Սա մի շարք կարևոր խնդիրներ է լուծելու ոլորտում, և բացի այդ՝ զգալիորեն կարող է մեղմել գների անհարկի բարձրացումը»։

Անդրադառնալով ոլորտում առկա իրավիճակին՝ տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը ևս ընդգծեց հիշյալ գործոնների ազդեցությունը։

168am-ի հետ զրույցում Լիլիա Ամիրխանյանը նախ արձանագրեց, որ ոլորտի ցուցանիշները բացառապես չեն վերաբերում դասական զբոսաշրջությանը. «Այսինքն` 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկով սկսած՝ մեզ մոտ ռելոկանտների բավականին մեծ ներհոսք գրանցվեց. Նրանք հաշվեկշռում ամրագրվեցին՝ իբրև զբոսաշրջիկներ, և արդյունքում զբոսաշրջային ցուցանիշների աճը բավականին ակտիվացած, մեծացավ»։

Տնտեսագետն այս համատեքստում նաև օբյեկտիվ մի քանի հանգամանքներ մատնանշեց՝ արտաքին գործոններով պայմանավորված ցուցանիշը չի կարող անընդհատ աճել, ինչպես նաև՝ առկա է բազային էֆեկտի գործոնը։

Վերջինի առնչությամբ նա մանրամասնեց. «Այսինքն՝ 2022-2023թթ. ձևավորված բարձր աճերի ֆոնին՝ աճերը պետք է նաև հետագայում անկումներ ունենային»։

Մասնագետը խոսեց նաև սուբյեկտիվ քաղաքական գործոնների մասին, որն է՝ Հայաստանից ռելոկանտների հեռացումը։ Իսկ թե ինչո՞ւ են ռելոկանտները լքում Հայաստանը, ինչպիսի՞ միջավայր ստեղծվեց, որ ռելոկանտներն այստեղ մնալու որոշում կայացնեն, տնտեսական գործունեություն ծավալելու ու ներքին պահանջարկ գեներացելու համար՝ հարցադրումներին ի պատասխան՝ Լիլիա Ամիրխանյանը ներկայացրեց ակնառու մի քանի պատճառներ.

«Մենք կարող ենք հիշել զբոսաշրջային ծառայությունների բավական բարձր, շատ դեպքերում՝ անհարկի ու չկառավարվող գնաճը, որի հետևանքով ոչ միայն հարցականի ներքո է դրվում ռելոկանտների այստեղ մնալու որոշումը, այլև դրանից տուժում են ՀՀ քաղաքացիները (բնակարանների վարձակալության գների, հանրային սննդի ծառայությունների թանկացումներ, և այլն), դասական զբոսաշրջիկները։

Մյուսը՝ դրամի շուրջ 30 տոկոս արժևորումն է արտարժույթի նկատմամբ, ինչը ևս արտահանելի ոլորտին հարված էր, իսկ զբոսաշրջիկներին մատուցված ծառայությունը համարվում է արտահանելի ծառայություն։

Հետևաբար՝ ոչ արդյունավետ քաղաքականության արդյունքում ստեղծվեց միջավայր, որի հետևանքով և՛ դասական զբոսաշրջության աճերի նվազում գրանցվեց, և՛ ռելոկանտների արտահոսք։ Վերջինի հետևանքով, ՀԲ գնահատականներով՝ արձանագրվել է զբոսաշրջիկների թվի նվազում, զբոսաշրջային ծառայությունների ընդհանուր արտադրանքը 62 տոկոսով նվազել է, ինչը բավական մեծ ցուցանիշ է»։

Ամփոփելով՝ Լիլիա Ամիրխանյանն այս գործոններին հավելեց նաև անվտանգային մարտահրավերները, որոնք, ըստ նրա, ազդեցություն են ունենում հատկապես ոչ դասական զբոսաշրջության վրա.

«Ռելոկանտների առաջնային մղումը ոչ անվտանգ միջավայրից ավելի անվտանգ միջավայրի տեղափոխումն է, իսկ այդ պարագայում՝ մեր անվտանգային լուրջ մարտահրավերները, այսօր դրանց է՛լ ավելի լրջանալու հավանականությունը, որի մասին խոսում են նաև հենց իշխանությունները, բնականաբար, ևս անդրադարձ ունենում են ոլորտի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս