Մայիս ամիսը՝ «Հայկական ժառանգության ամիս» Օնտարիոյում

Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդի, քաղաքական բարձրաստիճան այլ պաշտոնյաների, հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչների մասնակցությամբ Օնտարիոյի խորհրդարանում օրերս  նշվել է «Մայիս ամիսը՝ հայկական ժառանգության ամիս» միջոցառումը:

Տոնը, ի դեպ, Օնտարիոյի խորհրդարանն ամրագրել է 105-րդ օրինագծով, ըստ որի՝ յուրաքանչյուր տարվա  մայիս ամիսը պիտի ճանաչվի՝  որպես հայկական ժառանգության ամիս: Օրինագիծը ներկայացվել է նահանգի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանի կողմից:

Այս օրենսդիր ժողովն առաջինն է Կանադայում, որ ընդունել է օրենք, որով հարգանքի տուրք է մատուցվում Օնտարիոյում բնակվող հայերին՝ իրենց գործուն ներդրումի և Կանադայի հանրային, քաղաքական կյանքում ավանդի համար:

Կարդացեք նաև

Միջոցառման ժամանակ պատգամավոր Արիս Պապիկյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ֆորդին, նախարարներին՝ իրենց միաձայն աջակցության ու օժանդակության համար։

Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանն էլ իր խոսքում նշել է. «Հայերն այս նահանգի անբաժանելի մասնիկն են, և հակառակ նրան, որ մայրենի հողից հազարավոր մղոններ հեռու են, կարողացած են պահպանել իրենց մշակույթը և ավանդները»:

Պատգամավոր Պապիկյանը միջոցառման ժամանակ նաև ներկայացրել է իր հեղինակությամբ գրքույկը, որում անդրադարձ է կատարել հայ ժողովրդի՝ դեպի Կանադա գաղթի պատմությանը, կանադահայերի նշանակալի ավանդին՝  նահանգի հանրային, մշակութային, կրթական, տնտեսական և քաղաքական շրջանակներում,  Կանադայի բանակի կողքին՝ Օնտարիոյի հայ համայնքի մասնակցությանն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, ինչպես նաև՝ Կանադայի մարդասիրական օժանդակությանը՝ Ցեղասպանությունը վերապրող հայ ժողովրդին, «Ջորջթաունյան տղաներ» մարդասիրական առաքելությանը, դաշնային  և նահանգային օրենսդիր ու գործադիր մարմինների կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը:

Տեսանյութեր

Լրահոս