«Ֆունդամենտալ արձանագրո՞ւմ», թե՞ ֆունդամենտալ ձախողում
Արտաքին շոկերով պայմանավորված՝ տարեսկզբին Հայաստանը շարունակել է գտնվել բարձր տնտեսական ակտիվության գոտում։ Հայտնի գործոնների արդյունքում, առաջին եռամսյակում արձանագրվել է 12,1 տոկոս տնտեսական աճ, ինչն էլ հիմք է տվել Նիկոլ Փաշինյանին իրականությունից կտրված հերթական դարակազմիկ հայտարարությունն անել։
«Առաջին եռամսյակում 12,1 տոկոս ՀՆԱ աճ է արձանագրվել։ Մենք 12,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունեինք և մտածում էինք, որ ՀՆԱ-ն կլինի 11 կամ 10 տոկոս, բայց ՀՆԱ-ն 12,1 տոկոս է։
Սա շատ ֆունդամենտալ արձանագրում է»,- անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին՝ օրերս Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Թե ի՞նչ ֆունդամենտալ արձանագրման մասին է խոսքը, երևում է տնտեսական աճի կառուցվածքում։ Չնայած բարձր տնտեսական աճին, մտահոգիչ է մեր տնտեսության աճի կառուցվածքը։ Այն շարունակել է վատանալ։
Անցած տարի էլ վատ էր, բայց այս տարվա սկզբին բևեռացումը խորացել է։
Պաշտոնական վիճակագրության տվյալները փաստում են, որ մեր տնտեսության աճերը հիմնված են գերազանցապես երկու հայտնի ոլորտների՝ առևտրի ու ծառայությունների վրա։ Այս ոլորտներին բաժին է ընկել տնտեսական աճի ավելի քան 81 տոկոսը։
Անցած տարվա առաջին եռամսյակում 73 տոկոս էր, իսկ տարեկան կտրվածքով՝ 74 տոկոս։
Մեկ տարվա ընթացքում առևտրի ու ծառայությունների բաժինը մեր տնտեսական աճի կառուցվածքում 8 տոկոսային կետով ավելացել է։ Ու չնայած դրա արդյունքում բարձր տնտեսական աճ է գրանցվել, այն երբեք չի կարող համարվել հիմնարար աճ։
Սա ավելի շուտ ֆունդամենտալ ձախողում է, որովհետև առևտրի ու ծառայությունների վրա հիմնված աճերը չեն կարող այդպիսին լինել։ Առավել ևս այսօր, որ դրանք կապված են մեզանից անկախ գործոնների հետ։
Առաջին եռամսյակում ներքին առևտրի աճ կազմել է 21 տոկոս, այն էլ՝ հիմնականում մեծածախի հաշվին։ Ծառայություններն էլ աճել են գրեթե 23 տոկոսով։
Արտաքին առևտրի շրջանառությունը նույնիսկ կրկնապատկվել է։
Բայց հայտնի է, թե ինչի արդյունքում են արձանագրվում առևտրի ու ծառայությունների աճերը՝ Ռուսաստանի ու ռուսական գործոնի, որը որոշ ոլորտներում ժամանակավոր ակտիվացումներ է մտցրել։ Դրանք կապված են առաջին հերթին՝ ֆինանսական ու առևտրային ահռելի հոսքերի սպասարկման, բայց ոչ՝ մեր տնտեսության ֆունդամենտների հետ։
Մեր տնտեսության ֆունդամենտներն այլ տեղում են, որոնք, սակայն, անգամ այսպիսի հսկայական հնարավորությունների ու բացված շուկաների պայմաններում, չնչին նպաստում են ունենում տնտեսական աճին։
Այս տարվա առաջին եռամսյակում, պաշտոնական վիճակագրության արձանագրած տնտեսական աճի գործում առևտրի ու ծառայությունների նպաստումը կազմել է 9,83 տոկոս. 12,1 տոկոսից՝ 9,83 տոկոսը։
Տնտեսության մյուս բոլոր հատվածների մասնաբաժինը միասին կազմել է ընդամենը 2,22 տոկոս։
Սա է իրականում մեր տնտեսության «ֆունդամենտալ արձանագրումը»։ Եվ ոչ այն, թե արտաքին հայտնի ու անհայտ գործոնների արդյունքում որքանով են աճել առևտրի ու ծառայությունների շրջանառությունները։ Տնտեսության համար կարևորը ոչ թե առևտրի ու ծառայությունների այսպիսի աճերն են, այլ իրական հատվածի զարգացումներն ու դրանց նպաստումը տնտեսական առաջընթացին։
Այստեղ է, որ երևում է մեր տնտեսության իրական վիճակը, և ոչ թե՝ առևտրի ու ծառայությունների աճերի մեջ։
Վերցնենք արդյունաբերությունն ու էներգետիկան, որոնք մեր տնտեսության թիվ մեկ ֆունդամենտներն են։ Իսկ ի՞նչ ունենք այդ ոլորտներում։
Ունենք այն, որ արդյունաբերությունն ու էներգետիկան առաջին եռամսյակի 12,1 տոկոս տնտեսական աճին նպաստել են ընդամենը 0,76 տոկոսով։
Նպաստումը նույնիսկ 1 տոկոսի չի հասել։ Եվ սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ արդյունաբերությունը եռամսյակի արդյունքներով 3,6 տոկոս աճ է գրանցել, իսկ էներգետիկայում նույնիսկ անկում է արձանագրվել՝ արտադրության ծավալները 2 տոկոսով նվազել են։ Տարեսկզբի չորս ամիսների տվյալներով՝ արդյունաբերության աճի տեմպն ավելի է կրճատվել։ Հիմա արդեն այն ոչ թե՝ 3,6, այլ՝ ընդամենը 2,4 տոկոս է։
Ճիշտ է, շինարարության աճը բարձր է, առաջին եռամսյակում այն կազմել է գրեթե 16 տոկոս, բայց նույնիսկ այդպիսի բարձր աճի պայմաններում շինարարության նպաստումը տնտեսական աճին նույնպես 1 տոկոսից ցածր է, ավելի ցածր, քան արդյունաբերությանն ու էներգետիկայինը։
Առաջին եռամսյակում շինարարության մասնաբաժինը տնտեսական աճի կառուցվածքում կազմել է ընդամենը 0,55 տոկոս։
Գյուղատնտեսության պարագայում նպաստումն ընդհուպ զրոյի է ձգտում։
Արձանագրված 12,1 տոկոս աճի մեջ գյուղատնտեսության բաժինը կազմել է 0,03 տոկոս։
Դեռ լավ է, որ առաջին եռամսյակի արդյունքներով՝ գյուղատնտեսությունը բացասական նպաստում չի ունեցել։ Վերջին տարիներին միշտ այդպես է եղել։ Այս տարվա սկզբին մի փոքր դրական միտում կա։ Տարիների անկումից հետո առաջին եռամսյակում 1,4 տոկոս աճ է գրանցվել գյուղատնտեսության մեջ։ Բայց մեծ հարց է, թե առաջիկայում այն որքանով կպահպանվի։
Իշխանություններն արդեն իսկ նախադրյալներ են ստեղծում արդարացնելու գյուղատնտեսության հնարավոր անկումը՝ կապված սակավաջրության հետ։ Ազգային ժողովում իշխանական պատգամավորները նույնիսկ կոչեր են հնչեցնում գյուղատնտեսական առանձին մշակաբույսերի կրկնակի-եռակի ցանկերից հրաժարվելու վերաբերյալ։
Ահա այսպիսին է մեր տնտեսության աճի կառուցվածքը, որտեղ իրական հատվածի դերը գնալով նվազում է։ Չնայած ի հայտ եկած հսկայական հնարավորություններին, տնտեսական աճի կառուցվածքը շարունակում է վատանալ։
Աճը հիմնականում պատահական գործոնների և ոչ թե՝ տնտեսության ֆունդամենտների հաշվին է։
Այդպիսի աճերի «ֆունդամենտալ արձանագրումն» այն է, որ ի ցույց են դնում մեր տնտեսության աճի սնանկությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ