«Տիգրանաշենի հանձնումը վտանգավոր է Սյունիքի, Վայքի, Եղեգնաձորի համար. հանձնելուց հետո հյուսիս-հարավ ճանապարհն Արարատ քաղաքից հետո որտեղո՞վ է անցնելու». Հենրիկ Քոչինյան

Հունիսի 1-ին մոլդովահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «անկլավների» հարցին, պատասխանելով համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին, թե 1975 թվականների քարտեզներով  Տիգրանաշենը մտնո՞ւմ է 29.800 քկմ տարածքի մեջ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի մեջ է, և առհասարակ ի՞նչ անվտանգային խնդիրներ կառաջանան։

Նիկոլ Փաշինյանն ըստ էության փորձեց պատասխանել հարցի առաջին մասին, բայց հնարավոր անվտանգային խնդիրներին վերաբերող հարցը մնաց անպատասխան.

«Տիգրանաշենը կոնկրետ ես… այդպես շատ կոնկրետ չասեմ, բայց ենթադրենք՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից՝ քաղաքական մակարդակով, որ այդտեղ եղել է  Քյարքի։ Մենք ասում ենք, որ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք, քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք։ Եվ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի և Քյարքին, օրինակ, վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այս հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև նման անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի պրոբլեմ, որն անլուծելի է։ Չկա տենց հարց: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն այսօր էլ հանրապետությունում այնքան ենք զարգացնում, որ այդպիսի անլուծելի խնդիր չկա։ Անկլավների հարցով շատ թեմաներ կան, որոնք օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցություն գործելու համար»:

168.am-ի հետ զրույցում 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը հիշեցրեց 1991-1992 թվականները, երբ Տիգրանաշենի հատվածում միշտ անվտանգային խնդիրներ են եղել։

Կարդացեք նաև

«Ադրբեջանական դիրքերը շատ մոտ էին, երբ Երասխի ճանապարհը թեքվում է ու գնում դեպի Տիգրանաշեն  ու Եղեգնաձոր, այդ հատվածում անընդհատ կրակում էին։ Մի ժամանակահատված կար, եթե չեմ սխալվում՝ 6-7 ամիս, Վեդիով միջհամայնքային ճանապարհ կար, մենք դրանից էինք օգտվում, մի քիչ կարգի էինք բերել, աշխատում էր։ Սակայն, այդ ճանապարհը, որն այսօր էլ կա, գործում է, այդ ճանապարհով էլ կարելի է երթևեկել ու, այսպես ասած՝ շրջանցել Տիգրանաշենը։ Բայց այնտեղ տեղեր կա՝ ճանապարհը երկրորդ, տեղեր կա՝ երրորդ կարգի է, պետք է բոլոր հատվածները դարձնել գոնե երկրորդ կարգի։ Այսինքն՝ աշխատանք է պետք կատարել, իսկ ճանապարհի վրա աշխատելը մեկ կամ երկու օրվա հարց չէ, երկար ժամանակ է պահանջվում»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Հենրիկ Քոչինյանը մատնանաշեց ևս մեկ խնդիր՝ հարց բարձրացնելով՝ Տիգրանաշենը հանձնելուց հետո հյուսիս-հարավ ճանապարհն Արարատ քաղաքից հետո որտեղո՞վ է   անցնելու՝ Երասխ չհասած։

«Ժամանակին քննարկվում էր, մենք արդեն մտածում էինք, քանի որ Տիգրանաշենից հետո ոլորանները կան, այդ տեղով հյուսիս-հարավի առաջին կամ երկրորդ կարգի ճանապարհ դժվար է  կառուցելը։ Մենք գոնե քննարկում էինք, թե ինչպես է պետք տանել ճանապարհը, ինչ հետագիծ պետք է լինի։ Այդ ենթադրվող ճանապարհը, եթե գնում ենք դեպի Եղեգնաձոր, ձախ կողմի սարերի լանջերով էր գնում։

Հիմա պետք է կարճաժամկետ խնդիր դրվի, որպեսզի մեր հարավը չկտրվի, հետո երկարաժամկետ խնդիր՝ հյուսիս-հարավը որտեղո՞վ ու ինչպե՞ս տանել»,- հավելեց Հ. Քոչինյանը։

Ըստ մեր զրուցակցի, անվտանգության առումով այսօր գործող «Մ-2» ճանապարհը, որն անցնում է Երասխով, այնպես չէ, որ անվտանգ է։ Անզեն աչքով էլ երևում է, որ աջ կողմում կառուցված է հողային պատնեշ, որպեսզի հրազենային զենքից ադրբեջանական դիրքերից չկարողանան կրակել անցորդների վրա, օրինակ՝ ավտոմատից։

«Ադրբեջանական դիրքերից մի 20-30 մետր խորության վրա ցանկացած կետում կարելի է վտանգ տեսնել, որովհետև հրետանին այդ հեռավորությունից կարող է հարվածել։ Նոր ճանապարհ կառուցելու դեպքում պետք է փորձեն գոնե հրազենային զինատեսակներից ապահով տարածքով անցկացնեն»,- շեշտեց նա։

Իսկ ի՞նչ է սպասվելու Սյունիքին, եթե հանձնեն Տիգրանաշենը, Հենրիկ Քոչինյանը պատասխանեց՝ եթե ինքը լիներ որոշում կայացնողը, ապա ոչ մի դեպքում Տիգրանաշենը չէր հանձնի։

«Տիգրանաշենի հանձնումը ոչ միայն Սյունիքի համար է վտանգավոր, այլ նաև նույն Վայքի, Եղեգնաձորի ու այլ տարածքների, Տիգրանաշենը Նախիջևանի բանալին է։ Երասխ-Սադարակ այդ սահմանային անցումում, եթե երկաթգիծը պետք է աշխատի և այլն, շատ մոտ է։ Պետք է պայքարել, ադրբեջանցիներն էլ են հասկանում Տիգրանաշենի ստրատեգիական նշանակությունը, բայց մենք պետք է հասկանայինք, ու ինչ-որ ձևով չգնայինք այդ քայլին։ Եթե մեզ տալիս է Արծվաշենը, ապա ո՞վ է  այնտեղ գնալու ու ապրի, անվտանգ չի լինի, թող տան Արծվաշենը, ու չհանձնեն Նոյեմբերյանի այդ մի քանի գյուղերն ու Տիգրանաշենը։ Թող հայտարարեն, որ Արծվաշենը վաղվանից մերն է, քանի՞ նախկին բնակիչ է գնալու ու ապրի, վախենամ՝ ոչ մեկը, որովհետև անվտանգ չի լինելու»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։

Տեսանյութեր

Լրահոս