Ջալալ Հարությունյանի փաստաբանը «սև ցուցակ» ունի՞. ինչ սկզբունքով է նա հարցերին պատասխանում

Ապրիլի վերջին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «ՀՀ քննչական կոմիտեում Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով 6-ամսյա ժամկետը լրանում է, ուստի նախաքննական մարմինը քրեական դատավարության օրենսգրքով այլընտրանք չունի և մինչև մայիսի 20-ը պետք է քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարի և գործը դատարան ուղարկի»:

168.am-ը փորձեց ՀՀ քննչական կոմիտեից պարզել՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործի նախաքննությունը ավարտվե՞լ է:

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանեց՝ «դեռ ոչ»:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է պատերազմական 2 դրվագով. առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։

Կարդացեք նաև

Ի դեպ, Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, երբ նոր էր ստանձնել ՊԲ նախկին հրամանատարի պաշտպանությունը, պատասխանում էր մեր հեռախոսազանգերին, էական չէ՝ հրապարակման ենթակա ասելիք կա՞ր, թե՞ ոչ:

Սակայն, բավականին ժամանակ է, Ջալալ Հարությունյանի գործի առնչությամբ տեղեկություն ստանալու նպատակով մեր զանգերը և նամակները փաստաբանն անարձագանք է թողնում, եթե անգամ իրեն ուղղված գրառումներն ակնհայտորեն տեսնում է: Մինչդեռ, այդ ընթացքում հարցազրույցներ տալիս է այլ լրատվամիջոցներին: Այսինքն, որոշ դեպքերում նախաքննության փուլում գտնվող գործի մասին մանրամասներ հայտնելն արգելված չէ՞: Մենք նույնիսկ կեսկատակ-կեսլուրջ գրել էինք՝ հրամայված է չխոսե՞լ, ինչին ևս արձագանք չի եղել:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս դեպքում լռությունը համաձայնության նշան է: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ: Իսկ գուցե մեր ռազմական հարցերն են «վախեցնում» Ջալալ Հարությունյանի փաստաբան Սարդարյանին՝ հույզերի վրա չհիմնված:

Հիշեցնենք, որ անցած տարի Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը ասուլիս էր հրավիրել և ամենայն մանրամասնությամբ խոսել գեներալին առաջադրված մեղադրանքից և ներկայացրել որոշ հիմնավորումներ: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին և հավանություն ստացել:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է այս դրվագով, Ջալալ Հարությունյանի փաստաբանի լռությունը թույլ չի տալիս պարզել, մենք կփորձենք այն ճշտել ՀՀ քննչական կոմիտեից:

Տեսանյութեր

Լրահոս