ՄԻՊ Անահիտ Մանասյանի «դիրքորոշումը»՝  Արցախն ու «անկլավներն» Ադրբեջանին հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»,- մայիսի 22-ին  լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի լրագրողի հարցադրմանը, թե արդյո՞ք Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը 86.6 քկմ տարածքով ներառում է նաև Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը:

Նույն ասուլիսի ժամանակ վերջինս նաև հստակ հայտարարել էր՝ «86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»:

168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմ՝ հասկանալու համար ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նշված հայտարարությունների առնչությամբ ՄԻՊ դիրքորոշումը, քանի որ ասուլիսից 4-5 օր անց Պաշտպանը որևէ կերպ չէր արձագանքել դրանց:

«Այսօր 4-րդ օրն է, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվելու է 86.6 քկմ տարածքներով՝ ուղիղ տեքստով մասնավորեցնելով, որ Արցախի Հանրապետությունն ու Տավուշի մարզի «անկլավային» համարվող գյուղերը, ինչպես նաև Տիգրանաշենը նույնպես ներառվում են այդ 86.6-ի մեջ:

Կարդացեք նաև

Մարդու իրավունքների պաշտպանը մինչ այս պահը որևէ հայտարարություն չի արել, մինչդեռ մասնավորապես Տավուշի գյուղերի ու Տիգրանաշենի բնակիչների հնարավոր տեղահանությունն ու դրանից բխող այլ խախտումներն ուղիղ իր մանդատի շրջանակում են:

Ո՞րն է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիրքորոշումը նշված հայտարարության վերաբերյալ»,- երեկ առավոտյան հարցրել էինք մենք:

Երեկոյան ՄԻՊ գրասենյակից պատասխանել էին մեր հարցմանը:

Պատասխանը թեև ստորագրված էր ՄԻՊ քրեական արդարադատության ոլորտում և Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանի կողմից, սակայն ակնհայտորեն գրված էր Անահիտ Մանասյանի կողմից. վերջինիս ձեռագիրը հնարավոր չէ շփոթել որևէ մեկի հետ, հատկապես՝ ՄԻՊ դառնալուց ի վեր:

Պաշտպանը նախ տեղեկացրել էր, որ իր հանրային ելույթներում բազմիցս անդրադարձել է պետության կողմից մարդու իրավունքների պատշաճ երաշխավորման, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի պահպանման կարևորությանը, ապա նշել, որ միջազգային չափանիշները վկայում են, որ ցանկացած գործընթացի հիմքում, այդ թվում՝ սահմանների որոշման հարցերում, պետք է ընկած լինեն մարդու իրավունքի գերակայությունը, ինչպես նաև մարդու՝ միջազգայնորեն ճանաչված և երաշխավորված իրավունքները:

«Կարևոր է ընդգծել, որ հավատարիմ մնալով սահմանադրական մանդատին՝ Պաշտպանն իր իրավասության իրականացման ընթացքում չի սահմանափակվում բացառապես հայտարարությունների հրապարակմամբ և գործարկում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ իրեն վերապահված ողջ գործիքակազմը»,- ասված է ՄԻՊ պատասխանի մեջ:

Ինչ վերաբերում է ՄԻՊ հանրային ելույթներին, ապա, թերևս, պետք է նշել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու լինելուց, ապա ՄԻՊ դառնալուց հետո Անահիտ Մինասյանի հանրային ելույթները միայն ինքն է հասկանում, այնպես որ, ավելորդ չէր լինի, որ Պաշտպանը նաև մեկնաբաներ իր պատասխանը՝ ինչ է ուզում, այնուամենայնիվ, ասել:

Բացի դրանից, Պաշտպանին հիշեցնենք, որ ավելորդ անգամ կարիք չկար հընթացս նշել, որ «Պաշտպանն իր իրավասության իրականացման ընթացքում չի սահմանափակվում բացառապես հայտարարությունների հրապարակմամբ», որովհետև երբ խոսքը վերաբերում է անշառ թեմաներին, օրինակ՝ Պաշտպանի միջամտությամբ թոշակ ստանալուն, դասարանից դասարան փոխադրվելուն, ազատազրկված անձի առողջական խնդիրները լուծելուն, դեսպաններ ու տարբեր կազմակերպությունների ղեկավարներ ընդունելուն, ինչ-որ խնամքի կենտրոններ այցերին, լավ էլ հայտարարություններ հրապարակում է:

ՄԻՊ-ը խուսափում է բացառապես այն թեմաների վերաբերյալ հրապարակային դիրքորոշում հայտնելուց, որոնք հաճո չեն քաղաքական իշխանությանը, օրինակ՝ Արցախի ու, այսպես կոչված, անկլավների թեման:

168.am-ը չի կրկնի «Ազատություն» ռադիոկայանի ճանապարհն ու չի դիմի Լեզվի ինստիտուտի որևէ գիտաշխատողի՝ հասկանալու Պաշտպանի մտքերը: Պարզապես կարձանագրենք՝ ՄԻՊ-ից ստացված պատասխանի մեջ մեր պարզ հարցի պատասխանը չկար:

Եվ վերջում:

Հանրային հեռուստաընկերությունը 2021թ. մայիսի 30-ին «Լուրեր» թողարկմամբ, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ եթեր հեռարձակեց ռեպորտաժ:

Այդ ռեպորտաժը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պնդմամբ՝ «առավել ամրապնդում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի լրջագույն խախտումների ու նրանց անվտանգության վտանգները»:

Արման Թաթոյանի արձագանքին ենք առաջարկում ծանոթանալ գործող ՄԻՊ-ին:

Նրանում մանրամասն ու հստակ դիրքորոշում է արտահայտված, թե, «այսպես կոչված, անկլավների» պատկանելության, դրանց պատմական ու քաղաքական հիմքերի, իշխանությունների կողմից թեմայի շրջանառման վտանգների, թե պատմական փաստերի աղավաղումների, և թե ադրբեջանական քարոզչական նարատիվների ու հատկապես մեր ազգային շահի ու հայ մարդու իրավունքների ու դրանց ոտնահարման մասին:

Տեսանյութեր

Լրահոս