Հայերի ճնշման տակ Փաշինյանը հրաժարական է տալու. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած մտքերն Արցախի վերաբերյալ իր համար նորություն չէին։
«Հարց եք տալիս՝ երեկվա հետ կապված, բայց երեկ ինձ համար ոչինչ տեղի չի ունեցել։ Ինձ համար երեկ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, այն, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմ թողնելու համար, ասել ենք մեկ տարի առաջ, կես տարի առաջ ապացուցել ենք հրապարակված փաստաթղթերով, ապացուցել ենք եվրոպացիների հետ մեր աշխատանքային շփումների հանրայնացմամբ։
Ինչ վերաբերում է ծավալվող գործընթացներին, ես կարող եմ խոսել Հանրապետական կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից։ Մենք, որպես այդպիսին, պայքարը չենք դադարեցրել, օրեր շարունակ եղել ենք զոհված զինծառայողների հարազատների կողքին։ Այսինքն՝ մեզ համար ինչ-որ բան տեղի չի ունեցել, որից հետո պետք է անցնենք պայքարի ակտիվ փուլի, մեզ համար պայքարի ակտիվ փուլը չի էլ դադարել։
Սա քաղաքական ուժի, քաղաքական գործչի պայքար չէ, սա համազգային պայքար է։ Հույս ունեմ, որ գոնե երեկվա ամբողջությամբ բաց ասված տեքստից հետո չենք լսի կասկածով լի հայտարարություններ։ Յուրաքանչյուրն իր տեղում անելիք ունի՝ քննիչից մինչև դատավոր, քաղաքացի, մինչև ԱԺ պատգամավոր»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ միևնույն է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կասի, նրանից միայն մեկ բան է ակնկալում լսել՝ հրաժարականը, այլ ասածները, մեծ հաշվով, իրեն հետաքրքիր չեն։
«Ես հույս չունեմ, ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ ինքն այդ հրաժարականը տալու է։ Ուղղակի աշխարհի տարբեր բռնապետներ, պատմության ընթացքում, տարբեր ձևով են գնացել։ Ես Փաշինյանին խորհուրդ կտամ՝ բացի նայի, թե որ բռնապետն ինչ ճանապարհով է գնացել, ու ընտրի իր ճակատագիրը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում