Կառավարության փոփոխության հասնելու փորձ. Փաշինյանի իսլանդական տողատակերն ու հետին մտքերը

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում ակնարկել էր, կամ, ինչո՞ւ չէ, կրկնել էր ավելի վաղ ասված միտքը, թե 44-օրյա պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին:

«2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ:

Շատերն այսօր էլ մտածում են, որ պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել»,- նշել էր Փաշինյանը, այնուհետև խոսքը շարունակել ենթատեքստային ձևակերպմամբ, որը կարծես աննկատ մնաց:

«2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետև սանձազերծված պատերազմն, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ»:

Կարդացեք նաև

Ի՞նչ է սրանով փորձում ասել Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք սա 2023 թվականի ապրիլի 29-ի՝ Քաղաքացու օրվա առիթով ուղերձում արված մտքի տրամաբանության մեջ է՝ «մեր ընդդիմախոսներն ասում են՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չունենայինք նաև այն աղետալի ձախողումները, որ ունեցանք, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում և դրանից հետո»:

Նիկոլ Փաշինյանն այստեղ հերթական անգամ ստում է, երբ ասում է, որ իր ընդդիմախոսները համատարած ասում էին՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չունենայինք նաև 44-օրյա պատերազմում արձանագրված աղետները:

Նախ, եթե անգամ ասել են, ապա նկատի են ունեցել Նիկոլ Փաշինյանի ստեղծած ժողովրդավարությունը, որն իրական ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունի, երկրորդ՝ Փաշինյանի ընդդիմախոսները հակադարձել են փաշինյանական այն թեզին, թե ժողովրդավարությամբ կարելի է մարտի դաշտում հաղթանակ տանել, որովհետև միջազգային հարթակում էլ ուժն է ծնում իրավունք:

Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պետական ինստիտուտների վրա հարձակմանը, ապա նախ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին գիշերը ժամը 02:00-ի սահմաններում կամ արդեն նոյեմբերի 10-ին ֆեյսբուքյան գրառում էր արել, մասնավորապես նշելով. «Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու և անցյալի սխալները չկրկնելու համար»:

Փաշինյանի այս հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ ոտքով ու ավտոմեքենաներով շարժվել էին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել էր կառավարության գլխավոր մասնաշենք՝ Փաշինյանի աշխատասենյակ, մի մասն էլ՝ Բաղրամյան պողոտա, մտել Ազգային ժողովի շենք, Իսկ Նիկոլ Փաշինյանի կեցավայրից էլ իբր օծանելիք, hամակարգիչ, ժամացույց էին գողացել:

Իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Արարատ Միրզոյանն էլ ծեծի էր ենթարկվել:

Ի դեպ, ըստ որոշ ՔՊ-ականների, Արարատ Միրզոյանի դեմ հարձակումը կազմակերպված էր հենց իրենց թիմի՝ իշխանությունների կողմից: Ասում են, որ Արարատ Միրզոյանն ինքն էլ դա գիտի, պարզապես այս պահին դեռ լռում է դրա մասին: Թե ո՞վ էր կատարվածի բուն հեղինակը, ո՞վ «զոհաբերեց» նրան և ինչո՞ւ՝ քննարկման այլ թեմա է:

Վերադառնանք Ռեյկյավիկում Փաշինյանի հնչեցրած տողատակերով հայտարարությանը, որ «սանձազերծված պատերազմը, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ»:

Եթե Նիկոլ Փաշինյանը նկատի ունի ոչ թե իր քաղաքական հակառակորդներին, այլ Ադրբեջանին, ապա այստեղ ևս որևէ տրամաբանություն չկա, քանի որ Ադրբեջանի ղեկավարության համար Փաշինյանը ՀՀ ղեկավարի աթոռին հարմար թեկնածու է, և 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահն ակնարկել էր, որ «վերելակային հանդիպումից» հետո հրադադարի ռեժիմը չխախտելու մասին պայմանավորվածությունը պահպանելով՝ նպաստել են Փաշինյանի հաղթանակին ընտրություններում:

2021 թվականի հունիսի 21-ին էլ ադրբեջանական «Հաքքինազը» գրել էր՝ «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթեցին Ադրբեջանը և հայկական գյուղերը»:

Հիշենք նաև, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը՝ նշելով, որ հայ ժողովրդի համար ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ, և, որ հատել է իրենց համբերության սահմանը, այլևս չեն հանդուրժելու զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված իշխանական «գրոհները»:

Գլխավոր շտաբի այս հայտարարությունից մեկ օր հետո՝ 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխությամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

 «Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան»,- նշել էր Էրդողանը։

168.am-ը 2022 թվականի փետրվարի 25-ին «Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը որոշեց ինքը հեռանալ և ոչ թե հեռացնել Նիկոլ Փաշինյանին. արդյո՞ք արտաքին գործոններ կան» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր թուրքական գործոնին և սպառնալիքին: Ի դեպ, այս վարկածը հաստատել էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Մասնավորապես, 2021-ի մայիսի վերջին լրագրողների հետ հանդիպմանը նա ասել էր.

«Օնիկ Գասպարյանին թուրքերը չթողեցին, որ իշխանությունը վերցնի: Թուրքերն ասել են՝ կներխուժենք, եթե այդտեղ լինի զինված հեղաշրջում, Նիկոլը մեր տղեն է: Մեզ հայտնեցին այդ մասին: Թե չէ Օնիկը ձերբակալվելու էր: Ես այդպես եմ կարծում»:

Եթե Հրանտ Բագրատյանի առաջ քաշած վարկածը ճիշտ է, ուրեմն՝ Օնիկ Գասպարյանը փորձել է խուսափե՞լ առավել մեծ աղետից:

Ի դեպ, 2021-ի ապրիլին factor.am-ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը և Օնիկ Գասպարյանի զգուշացումը, թե՝ «այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան», Արմեն Գրիգորյանն ասել էր.

«Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի»:

Չմոռանանք նաև, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս ասել է, որ հաղթել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և նրանց «ռևանշիստական» ռեժիմին: Այլ հարց է, որ Ալիևի վախերը պահպանվել էին անգամ 44-օրյա պատերազմում հաղթանակից հետո:

Մասնավորապես, 2022թ. հունվարի 12-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իլհամ Ալիևն ակնարկել էր, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատրաստ են ցանկացած պահի, հնարավորությունից օգտվելով, իրենց հարված հասցնել: Այլ կերպ ասած՝ վերականգնել հայկական բանակի մարտունակությունը, ուստիև իրենք չպետք է կանգ առնեն:

«Խոսքը ռևանշի փորձերի մասին է, և այն, որ մենք չգիտենք, թե ինչ կլինի 1, 2, 5 տարի հետո: Իսկ այսօր հայկական բանակն «ամբողջությամբ ջախջախված վիճակում է և ի զորու չէ դիմադրել մեզ», ընդ որում, ավելի շատ, քան Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ էր»,- ընդգծել էր Ալիևը՝ ակնարկելով, թե հաղթանակի դափնիները չպետք է թմրեցնեն իրենց:

Մեկ անգամ ևս կրկնենք, որ այս բոլոր փաստերը հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի ուղղությամբ սլաքն ուղղելը որևէ հիմնավորում չունի, այլ ընդհակառակը՝ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները Փաշինյանի իշխանությունը պահելու համար էին: Ենթադրենք՝ Փաշինյանի ելույթում տողատակերը հիմնավորված են, այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը մինչ օրս չի օգտագործել իր ձեռքի տակ եղած կոնֆիդենցիալ ինֆորմացիաները, որպեսզի Ադրբեջանի ներքաղաքական վիճակն ապակայունանա, ինչի մասին հայտարարել էր 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Կառավարությունում:

Իսկ 2021 թվականի ապրիլին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը պնդել էր.

«Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու»։

Փորձագետները կհաստատեն, որ պետությունների հզորությունները հաշվելու և գնահատելու տարբեր մեթոդներ և բանաձևեր կան, որտեղ հաշվի է առնվում հիմնականում մի քանի պարամետր՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ և այլն:

Այսինքն, պետության հզորությունն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին: Ադրբեջանի դեպքում այս բոլոր պարամետրերը, իրենց իսկ գնահատմամբ, 2020-ին հասել էին առավելագույնի՝ դաշնակիցների աջակցությունից սկսած՝ մինչև ազգային նպատակ: Իսկ Ադրբեջանի հզորությունը վերջին 30 տարվա համեմատ ընդունել էր ամենաբարձր արժեքը, Հայաստանի դեպքում այդ հզորությունը գնահատվել էր ամենացածրը՝ դաշնակիցների հետ հարաբերության մակարդակից՝ մինչև ներքաղաքական վիճակ, մինչև հասարակությանը սևերի և սպիտակների բաժանում:

Կգա երևի այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը՝ «սանձազերծված պատերազմը, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ» արտահայտության տողատակերն անձամբ կգաղտնազերծի:

Տեսանյութեր

Լրահոս