101 մլն եվրոյով ծրագիրը թանկացրել են, գոյացրել 173 միլիոն դրամի հավելյալ վճար. խախտումներ՝ ՏԿԶ-ում
Դեռևս 2014 թվականին Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 200 ՄՎՏ-ից 1050 ՄՎՏ-ի հասցնելու նպատակով Հայաստանի այն ժամանակվա Կառավարությունը պայմանագիր էր կնքել «KfW» գերմանական բանկի հետ՝ իրականացնելու «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը։
Նախորդ իշխանությունների օրոք կնքվել են վարկային համաձայնագրեր՝ 2014թ.՝ 75 մլն , 10,2 մլն եվրոյի, 2015թ.՝ 83 մլն եվրոյի, 2016թ.՝ 10 մլն եվրոյի, և Եվրոպական Ներդրումային Բանկի հետ 2015թ.՝ 10 մլն եվրոյի չափով։
Ծրագիրն իրականացման ինչ-որ փուլում դադարեցվել է և վերսկսվել է 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի մոտ անցկացված խորհրդակցության արդյունքներով որոշվել է վերանայել Գերմանիայի զարգացման բանկի հետ ստորագրված 83 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը։
Վերսկսված ծրագիրը սկսել են իրականացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ միջոցով։
Հաշվեքննիչ պալատը 2022 թվականի արդյունքներն ամփոփող իր տարեկան զեկույցում անդրադարձել է հենց այս վարկային ծրագրին և արձանագրել՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ արդյունքային այլ ցուցանիշներին վերաբերող խախտումներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն արձանագրել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի վարկային և դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում առաջացել է 823 միլիոն 320 հազար դրամ պարտավորավճար և վարկի մասհանման վերջնաժամկետի երկարաձգման համար 173 միլիոն 675 հազար դրամ հատուցման վճար։
Խորհրդատվական պայմանագրի փոփոխություններով լրացուցիչ հատուցումներ են նախատեսվել համապատասխանաբար՝ 400 հազ. եվրո և 526.3 հազար եվրո չափով, իսկ ծրագրի արժեքը թանկացել է 43.2 տոկոսով՝ 101 մլն եվրոյով։
Ինչ վերաբերում է այլ ցուցանիշներին, ապա, ըստ Հաշվեքննիչ պալատի, ՏԿԵՆ-ում գործող կառավարման խորհուրդը ամիսը մեկ անգամ նիստեր չգումարելով, ընթացիկ իրավիճակի մասին բավարար տեղեկատվություն չստանալով, չի պահանջել, չի ստացել, չի քննարկել և չի վերհանել առաջընթացի բացակայության պատճառները, ինչպես նաև չի իրականացվել ծրագրի մոնիտորինգ։
Արձանագրվել է նաև, որ «ԲԷՑ» ՓԲԸ-ն չունի ծրագրի՝ որպես ներդրման, արդյունավետության գնահատման որևէ ընթացակարգ:
Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ ծրագրի մասով ծախսերի առանձնացված հաշվառում չվարելը և ներդրումներից ակնկալվող եկամուտների գնահատումներ չիրականացնելը ապագա հատուցումների մասով անորոշություն է առաջացնում, որը հնարավորություն չի տալիս գնահատելու ծրագրի չափելի ազդեցությունը «ԲԷՑ» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակի վրա: