
Ամերիկացի պրոֆեսորը ջրի տակ մեկուսացած ապրելու ռեկորդ է սահմանել

Ամերիկացի գիտնական Ջոզեֆ Դիտուրին գերազանցել է համաշխարհային ռեկորդը՝ Ֆլորիդայի Քի Լարգո քաղաքի ծովածոցում 74 օր անցկացնելով ջրի տակ՝ 9 մետր խորության վրա: Այս մասին հաղորդում է BBC-ին:
«Իմ նպատակը առաջին իսկ օրվանից եղել է ոգեշնչել, որ մարդիկ գան, հարցազրույցներ վարեն գիտնականների հետ, որոնք ուսումնասիրում են ստորջրյա կյանքը, և իմանան, թե ինչպես է մարդու օրգանիզմը գործում ծայրահեղ միջավայրերում», – ասել է Դիտուրին:
Նա դեռևս այս փորձառությունը դադարեցնելու պլաններ չունի։ Պրոֆեսորը հայտնել է, որ «Ժյուլի ստորջրյա օթյակում» կմնա մինչև առնվազն 100 օր: Օթյակը կոչվում է Ժյուլ Վեռնի անունով, որն ի թիվս այլ ստեղծագործությունների, գրել է «Քսան հազար լյո ջրի տակ» գիտաֆանտաստիկ վեպը:
Ի տարբերություն սուզանավերի` այս օթյակը չի օգտագործում տեխնոլոգիա՝ կարգավորելու ստորջրյա ճնշումը: «Նեպտուն 100» կոչվող նախագծի շրջանակներում Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսորն ուսումնասիրում է, թե ինչպես է մարդու մարմինն արձագանքում ծայրահեղ ճնշման երկարատև ազդեցությանը:
Հետազոտողները մի շարք բժշկական թեստերի միջոցով ուսումնասիրում են 55-ամյա տղամարդու առողջական վիճակը, ինչպես նաև այդքան երկար մեկուսացման մեջ մնալու հոգեբանական հետևանքները:
Միևնույն ժամանակ, Ջոզեֆ Դիտուրին, ըստ Հարավային Ֆլորիդայի համալսարանի, շարունակում է առցանց դասեր տալ իր ուսանողներին:
Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանել էին երկու պրոֆեսորներ 2014 թ.-ին՝ նույն Քի Լարգոյի ծովածոցում. նրանք շրջակա միջավայրի ճնշման տակ ջրի տակ էին անցկացրել 73 օր: