Պետք է ծնողին հնարավորություն տալ` մանկապարտեզից երեխային աշխատանքից հետո վերցնել. Ավինյան

Դեռևս 2019 թվականին ձևավորված ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդն ուներ որոշումներ, որոնցով առաջարկում էր մանկապարտեզներում երկարօրյա ռեժիմի հնարավորություն ստեղծել։ Մայիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես կարծում եմ, սա լավ հնարավորություն է մեզ համար քննարկելու: Կլինի հավելյալ վճարով, կլինի՝ չգիտեմ․․․ դա արդեն քննարկումների արդյունքում կհասկանանք, բայց կարծում եմ, որ ծնողներին, ովքեր  աշխատում են, պետք է տալ հնարավորություն՝ երեխաներին աշխատանքային ժամերից հետո վերցնել մանկապարտեզներից»,- ասաց Ավինյանը։

Նա նաև առաջարկեց հավաք անցկացնել մասնավոր մանկապարտեզների հետ։ «Մեթոդաբանության քննարկում անել, որովհետև կան մասնավոր մանկապարտեզներ, որոնց փորձը կարելի է ներդնել մեր համակարգում։ Ես հիշում եմ, որ վերջերս մանկապարտեզներից մեկը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել, բայց մի փոքր ավելի համապարփակ է պետք նայել, որովհետև այդ մեկ մանկապարտեզը չի, կան այլ մանկապարտեզներ, որոնց հետ քննարկումը, մեթոդաբանության փոփոխության մշակումը վստահաբար մեզ չի խանգարի։ Մեզ մոտ առհասարակ կրթության որակի հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք, ու անկախ նրանից՝ Երևանի քաղաքապետարանի կազմակերպական դերը բովանդակային առումով ինչ է, կարծում եմ,  կարող ենք պրոակտիվ լինել, աշխատել ԿԳՄՍՆ-ի հետ, որպեսզի մեր առաջարկները՝ որպես առաջնային օղակ, ներկայացնենք այդ բովանդակությունը լրամշակելու»,- ասաց փոխնախարարը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս