Հայաստան կմտնի թուրք-ադրբեջանական զորքը. կհայտնվենք Կիպրոսի կարգավիճակում. Արթուր Խաչիկյան

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ կրակոցներն ու էսկալացիան հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը գոհ չէ հայկական կողմի զիջումներից, և Ալիևը շարունակում է մեզ հետ խոսել ուժի դիրքերից, թեև հայկական կողմը շարունակաբար խոսում է միայն խաղաղության մասին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հերթական անգամ Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջանական զինուժի  իրականացրած ռազմական գործողությունների մասին, Խաչիկյանը նաև ընդգծեց.

«ԱՄՆ-ը միջնորդ երկիրն էր՝ Վաշինգտոնում կայացած բանակցություններին։ Փաստորեն, ԱՄՆ-ի ներկայությունը ևս չզսպեց Ադրբեջանին։ Այն մարդիկ, որոնք ասում էին, թե ԱՄՆ-ը մի զանգով կարող է սաստել Ադրբեջանին, թող տեսնեն, որ արդեն որերորդ անգամ ենք մենք տեսնում, որ դա ընդամենը հեքիաթ է»,- ասաց Խաչիկյանը՝ շեշտելով, որ պատասխան պետք է տան նաև մարդիկ, որոնք հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ 100 անզեն դիտորդի առաքելությունը ներկայացնում էին՝ որպես սահմանի խաղաղության երաշխիք։

Կարդացեք նաև

«Դատարկ ենթադրություններով խոսելը մեր երկրում ավանդույթ է դարձել։ Դիտորդները չեն կանխել ո՛չ Տեղում ադրբեջանական հարձակումը, ո՛չ Սոթքում։ Դիտորդները Հայաստանում են, Ադրբեջանը հարձակվում է մեզ վրա։ Այստեղ պետք է դնել կետ ու չշարունակել խոսակցությունը»,- ասաց Խաչիկյանը։

Ըստ նրա՝ Ալիևը ոչ մի վայրկյան կանգ չի առնում, առաջ է գնում, քանի որ զգում է իր ուժը, դրանով էլ արհամարհում է և՛ Մոսկվային, և՛ Վաշինգտոնին։

«Քաղաքագիտության դոկտորի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանի ղեկավարությունը առաջնորդվում է հարցերը ոչ թե բանակցություններով, այլ բացառապես ուժով լուծելու տարբերակով։

«Այդպես է վարվելու նաև, օրինակ, ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուց հետո, ինչից հետո Հայաստան կմտնի թուրքական և ադրբեջանական բանակը։ Հայաստանը կհայտնվի այն վիճակում, որում է Կիպրոսը. Հիշեք, այնտեղ, 40 տարի է՝ թուրքական զորք կա։ Աշխարհաքաղաքական որևէ կենտրոն թուրքական զորքը Կիպրոսից չի կարողանում հանել»,- ասաց Խաչիկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս