«Կրակոցների ուղղությունը Սոթքն է». Վերին Շորժայում ու Կախակն գյուղում իրավիճակն այս պահին հանգիստ է

Պաշտպանության նախարարությունից արդեն տեղեկացրել են, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:

Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

168.am-ի հետ զրույցում Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չի հնչել։

Կարդացեք նաև

«Մեզ մոտ այս պահին կրակոցներ չկան, կրակոցների ուղղությունը միայն Սոթքն է, միայն այսքանը կարող եմ ասել»,- նշեց Աշոտ Վաթյանը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Կախակն գյուղը դարձել է սահմանամերձ, այն թշնամու դիրքերից գտնվում է 2,5 կմ հեռավորության վրա։

Մշտապես թշնամու թիրախում գտնվող Վերին Շորժա գյուղում այս անգամ իրավիճակը հանգիստ է։

Վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ որքան էլ զարմանալի է, բայց այս անգամ թշնամին դեռևս գյուղի ուղղությամբ չի կրակել։

«Մեր գյուղում հանգիստ է, կրակոցներ չեն հնչել, կրակոցներն այս անգամ Սոթքի ուղղությամբ են, մեզ մոտ այդ կրակոցները նույնիսկ լսելի էլ չեն»,- 168.am-ին փոխանցեց Արտյոմ Երանոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս