«Քիչ առաջ դիրքեր եմ խոսել, այս պահին կրակոցները դադարել են». Վերին Շորժայի գյուղապետ
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը՝ այսօր ժամը 09:50-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Երկու օր առաջ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել նաև Վարդենիսի շրջանի Ախպրաձոր գյուղի հարակից հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում այս ուղղությամբ իր կրակոցներն ավելի հաճախակի է դարձրել։
168.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ չի կարող բացատրել, թե վերջին շրջանում ինչո՞ւ են ադրբեջանական կրակոցներն ինտենսիվ բնույթ կրում։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դեպք էր պատահել, գյուղում հաճախ չեմ եղել, այս առումով մեկնաբանություն տալ չեմ կարող։
Ինչ վերաբերում է այսօրվա կրակոցներին, ապա քիչ առաջ դիրքեր եմ խոսել, այս պահին կրակոցները դադարել են»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նաև ինտենսիվ ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական ԶՈւ ներկայացուցիչները կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ, այդ ապատեղեկատվությանը հաջորդում են նրանց կողմից այս սադրանքները։