
Ի՞նչ էր հասկացնում Փաշինյանն Արևմուտքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա ու մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Փաշինյանն անընդհատ դժգոհ էր, ինչ-որ թափթփվածություն էր նկատվում, դեմքից չէր թաքցնում տխրությունը: Այն, որ նրա հետ կապված հիմա ամեն ինչ «այնպես չէ», գաղտնիք չէ, բայց «անզեն աչքով» էլ նկատելի էր, որ այս դեպքում ինչ-որ բան առանձնահատուկ «այնպես չէ»: Մեզ հետ զրույցում Հայաստանի փորձառու դիվանագետներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, նշեց, որ իրականում Նիկոլ Փաշինյանը որոշակի մեսիջներ էր հղում:
Ըստ դիվկորպուսի ներկայացուցչի, եթե դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա Նիկոլ Փաշինյանը հատկապես Արևմուտքին ցույց էր տալիս, որ ինքը, այսպես ասած, «պատանդի» կարգավիճակում է և իր կամքով չէ մասնակցում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին: Եթե իրոք այդպես է, ապա մնում է միայն կռահել, թե Ռուսաստանն ինչ ռեսուրսներ է կիրառել, որ կարողացել է նրան «բերման ենթարկել» Մոսկվա ու կանգնեցնել Կարմիր հրապարակի տրիբունայում»: