Բաժիններ՝

Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ հնարքի շնորհիվ, որը կատարել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում: Այս մասին հաղորդվում է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:

«Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Տեսարանի նկարահանումների ժամանակ դերասանը 16 անգամ ցատկել է ուղղաթիռից հրկիզող նյութով թրջված պարաշյուտով, որն ավելի ուշ բոցավառվում է։ Դերասանն ազատվում է դրանից, բացում պահեստային պարաշյուտը և հաջողությամբ վայրէջք կատարում:

«Ոչ մի այլ դերասան կամ կասկադյոր չի կատարել նման քանակությամբ մահացու ցատկեր», – նշել են կազմակերպությունում:

62-ամյա Թոմ Քրուզը հայտնի է նրանով, որ փորձում է որքան հնարավոր է մեծ թվով ինքնուրույն հնարքներ կատարել  կինոնկարահանումների ժամանակ՝ պնդելով, որ դա իր ֆիլմերն ավելի իսկական է դարձնում: Դերասանը դա ամենից հաճախ արել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի նկարահանումների ժամանակ, որոնցից վերջինն ԱՄՆ-ում կինովարձույթի է դուրս եկել  մայիսի վերջին:

Քրուզին նաև մեկ այլ տիտղոս է պատկանում Գինեսի ռեկորդների գրքում՝ իրար հաջորդող 11 ֆիլմի համար, որոնք բերել են 100 միլիոն դոլարի եկամուտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս