Ծայրահեղ վտանգավոր է. 14 % վարկանիշ ունեցող Փաշինյանը դարձել է անվտանգային խնդիր. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) իրականացրած և օրեր առաջ հրապարակված սոցիոլոգիական հետազոտության տվյալներն ահազանգող են ու խիստ մտահոգիչ. վկայում են ներհայաստանյան կյանքում առկա քաղաքական կոլապսի մասին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցման տվյալներին։

«Ինձ համար այդ հարցման մեջ ամենաէական իրականությունն այն էր, որ հարցվածների 64 տոկոսը որևէ քաղաքական միավորի անուն չի տվել. դա խոսում է քաղաքական դաշտում առկա վակուումի մասին։ Քաղաքագիտական լեզվով ասած՝ հարցվածների 64 տոկոսը քաղաքական առաջարկ չի ստանում և իր ձայնը որևէ քաղաքական միավորի չի տալիս։ Սա խոսում է նրա մասին, որ հայ քաղաքական միտքը՝ կուսակցությունները, հասարակական շարժումները, այնպիսի մոդելներ պետք է մշակեն, որ հավակնեն բավարարել հենց այդ 65 տոկոսին։ 65 տոկոսանոց վակուումն ուղղակի արհավիրք է. ցույց է տալիս, որ քաղաքական միտքը գտնվում է կոլապսի մեջ»,- իրավիճակը գնահատեց Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ ավելի աղետալի վիճակում է, սակայն, Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը, ինչը նրա պաշտոնավարումից ի վեր արձանագրված ամենացածր ցուցանիշն է՝ ընդամենը 14 տոկոս։

«14 տոկոսանոց լեգիտիմության բազա ունեցողն այլևս անվտանգային խնդիր է դառնում մեր պետության համար. պետության, որի առաջ ծառացած են շատ խնդիրներ։ Ծայրահեղ վտանգավոր է, երբ 14 տոկոս վարկանիշ ունեցողն է ներկայացնում հայ ազգին. սա դարձել է անվտանգային խնդիր»,- ընդգծեց Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության  վարկանիշի վերաբերյալ հարցման տվյալներին, ապա Մարտիրոսյանն ընդգծեց՝ վարկանիշը ցածր է՝ պայմանավորված ընդդիմության չափից շատ զգուշավոր լինելու հանգամանքով, ինչը որպես խնդիր՝ կվերանա, եթե ընդդիմությունը շատ արագ գործողությունների դիմի, ինչն էլ իր հերթին՝ կհանգեցնի ընդդիմության վարկանիշի աճին. Փոխարենը՝ այլևս չի կարող աճել Փաշինյանի վարկանիշը։

«Ընդդիմության խնդիրը շատ օպերատիվ աշխատելն է։ Պետք է անցնել զգուշավորության շեմը։ 65 տոկոսանոց վակուումն այն ամենապարարտ հողն է, որի վրա պետք է աշխատեն՝ ինչպես գործող ընդդիմադիր ուժերը, այնպես էլ՝ այն նորերը, որոնք պետք է գան արենա»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս