Չինաստանի բազմակի օգտագործման անօդաչու տիեզերանավն 9 ամսվա առաքելությունից հետո հաջողությամբ վերադարձել է Երկիր
Չինական բազմակի օգտագործման անօդաչու տիեզերանավը բարեհաջող Երկիր է վերադարձել մոլորակի ուղեծրում 276 օր անցկացնելուց հետո: Այս մասին հաղորդում է South China Morning Post (SCMP) պարբերականը:
Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիայում հայտարարել են, որ թեստը «լիովին հաջողված է», և որ այն «բեկումնային» է դարձել այս ոլորտում Չինաստանի հետազոտություններում:
2020 թ. սեպտեմբերին առաջին փորձարկումների ժամանակ այս սարքն ուղեծրում է գտնվել երկու օր։ Սակայն, ինչպես նշում է SCMP-ն, քիչ բան է հայտնի դրա տեխնիկական բնութագրերի մասին, այն մասին, թե ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվել կամ որքան բարձր է այն թռել: Մի շարք փորձագետներ կարծում են, որ չափսերով և դիզայնով այն կարող է հիշեցնել ամերիկյան Boeing X-37 ուղեծրային սարքը, որն ունի 9 մետր երկարություն, 3 մետր բարձրություն, իսկ զանգվածը շուրջ 5 տոննա է։
SCMP-ը հիշեցնում է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները մրցակցում են ոչ մեծ չափերի անօդաչու բազմակի օգտագործման տիեզերական սարք ստեղծելու համար 2011 թվականից, երբ ամերիկացիները դադարեցրին բազմակի օգտագործման տրանսպորտային Space Shuttle տիեզերանավի ծրագիրը: Միևնույն ժամանակ, անօդաչու տիեզերանավերը ֆինանսական տեսանկյունից կարող են ավելի էժան լինել, մասնավորապես՝ դրանց վրա կենսաապահովման միջոցների բացակայության պատճառով. դրանք ավելի հեշտ կլինի կառավարել, և ավելի փոքր կրող հրթիռներով դրանք տիեզերք արձակելն իրատեսական կդառնա: Նման սարքերը կարող են օգտագործվել ռազմական հետախուզության, ուղեծիր արբանյակների և սպառազինության դուրսբերման համար:
Միևնույն ժամանակ, նշում է SCMP-ն, մթնոլորտ մուտք գործելու և Երկիր վերադառնալու ժամանակ այս սարքերին ավելի հզոր պաշտպանություն հարկավոր կլինի արտաքին միջավայրի դիմադրությունից: Նաև անհրաժեշտ կլինեն վայրէջքի և էներգասնման անխափան համակարգեր, տարածության մեջ դրանց շարժման հետագիծն ու կողմնորոշումը ճշգրիտ կարգավորելու հնարավորություն և արևի ճառագայթումից հուսալի պաշտպանություն: