Ադրբեջանն այդկերպ ևս մեկ քայլով մոտեցել է Սյունիքի օտարման պրոցեսին. Արմինե Ադիբեկյան

«Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները և նրանց թիմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»,- ասված էր Միացյալ Նահանգներում քառօրյա բանակցություններից հետո կողմերի տարածած հայտարարության մեջ:

Ամերիկյան մի քանի օր տևած հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ նշել էր՝ քննարկումներից հետո կողմերը շոշափելի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում, ապա ավելացրել էր. «Հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է»։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը 168.am-ի հարցադրումներին ի պատասխան անդրադառնալով «շոշափելի առաջընթացի» մասին հայտարարություններին՝ արձանագրեց՝ ըստ երևութին, Արարատ Միրզոյանը պատրաստ է բավարարել ադրբեջանական կողմի պահանջները:

«Իսկ այդ պահանջների բավարարումը նշանակում է ադրբեջանցիների վերադարձ ՀՀ, Տավուշի 8 գյուղերն ու Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնել, Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցել, այսինքն՝ արցախցիներին բաժանել ադրբեջանական անձնագրեր և մատնել նրանց էթնիկ զտումների, այլև ձերբակալությունների, Զանգեզուրի միջանցքը,- մանրամասնեց ադրբեջանագետը՝ նկատելով, որ ցայսօր պաշտոնապես չեն մանրամասնվում հայկական կողմի առաջ քաշված պահանջները,- Մինչ օրս հանդիպել եմ շրջանառվող 2 թեզերի՝ Ադրբեջանի զորքերի հետքաշումը ՀՀ տարածքից, ինչն Ադրբեջանը երբեք չի իրականացնի, որովհետև այդկերպ ևս մեկ քայլով մոտեցել են Սյունիքի օտարման պրոցեսին, և՝ Արցախի բնակչության, այսպես կոչված, անվտանգությունը միջազգային ուժերի հսկողության ներքո:

Կարդացեք նաև

Երկու թեզն էլ անհեթեթություն են, որովհետև մենք առաջին հերթին պետք է հասկանանք՝ ինչ է անվտանգությունը. այսինքն՝ հայերը թալիշների, լեզգիների կարգավիճակում են լինելու՝ կանգնելու են ոչնչացման առաջ: Մենք տեսանք միջազգային հանրության գինն ու արժեքը, որ ադրբեջանցիները բացարձակապես անխոչընդոտ եկան-լցվեցին Արցախ, Սյունիք, Գեղարքունիք:

Այնպես որ, անհասկանալի պահանջներ են, և եթե ուրիշ պահանջներ կան, ոչ մի մակարդակով չի հրապարակվում,  ինչից եզրակացություն եմ անում՝ ՀՀ-ն հակված է ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները՝ առանց հակապայմաններ ներկայացնելու»:

Տեսանյութեր

Լրահոս