Բելգիայի վարչապետը մեկնել է Նիդերլանդներ՝ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելու
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հայտնել է, որ մեկնում է Նիդերլանդներ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու: Վերջինս այցով գտնվում է թագավորությունում։ Այդ մասին Ալեքսանդր դե Կրոն գրել է Twitter-ի իր էջում:
«Ուղևորվում եմ Հաագա՝ հանդիպելու վարչապետ (Մարկ) Ռյուտեի ու նախագահ Զելենսկիի հետ և քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: Մեր աջակցությունը հաստատակամ է: Մեր հանդիպումը հատկապես կարևոր է, երբ Հոլանդիան հիշում է պատերազմի զոհերին և վաղը տոնում է ազատությունն ու ժողովրդավարությունը», – նշել է դե Կրոն:
Մայիսի 4-ին Նիդերլանդներում անցկացվում է ռազմական հակամարտությունների զոհերի Հիշատակի օրը, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հոլանդացիների, իսկ հաջորդ օրը նշվում է Նացիստական օկուպացիայից ազատագրման օրը։
Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիա այցից հետո մեկնել է Հաագա, որտեղ հանդես կգա «Առանց արդարության աշխարհ գոյություն չունի» խորագիրը կրող ելույթով: