Չի ստացվում քնից արթնանալ ու հիշել թվերը. Աննա Վարդապետյան
Այսօր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորրհրդարանում Դատախազության տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն Աննա Վարդապետյանին հարց ուղղեց ՀՀ բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների թվային տվյալների մասին։
«2020-2022 թվականներին բանակում ինքնասպանությունների ինչպիսի՞ վիճակագրություն կա, ա՞ճ կա, թե՞ նվազում։ Եթե աճ կա, պատճառը ո՞րն է, եթե նվազում կա, ապա կա վերլուծություն, թե ինչի արդյունքում է նման բան տեղի ունեցել»,- հարցրեց Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազը ներողություն խնդրեց, քանի որ վիճակագրական տվյալներն անգիր հիշելն ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ։
«Կամ ամփոփման ժամանակ տվյալները բարձրաձայն ընթերցեմ, կամ այլ ձևաչափով, որովհետև այս պահին անգիր հիշել հնարավոր չէ, որպեսզի պատասխանեմ։ Կներեք, ուղղակի թվերը քնից արթնանալ ու հիշել չի ստացվում»,- նշեց Գլխավոր դատախազը։
Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ բանակում ինքնասպանությունն այնպիսի հանցատեսակ է, որը կարող է պատկեր փոխել:
«Ինքնասպանության մեկ դեպքը բանակում կարող է բանակի ամբողջ բարեփոխումներն ի չիք դարձնի։ Պետությունը միշտ պետք է ուշադիր լինի այդ խնդիրների լուծմանը, որովհետև բազմաթիվ հանգամանքների արդյունքում է, որ մարդը 18 տարին լրանալուց հետո է գնում նման քայլի։ Մեկն ասում է՝ սիրած աղջկա համար է, մեկն ասում է՝ խաղամոլության դրսևորումներ կան, քրեական ենթամշակույթ կա և այլն։ Այդուհանդերձ, վիճակագրությունն ասում է, որ պատերազմից առաջ և հետո, հաջորդիվ երկու տարիների ընթացքում մենք ունենք տվյալ պատկերի նվազում։ Ուզում էի հասկանալ, եթե կա նվազում, ապա պատկերը նվազման ինչի արդյունքում է։ Ինչ-որ բան փոխվել է բանակում, ինչ-որ բան դուրս եկել է բանակում կառավարման միջավայրից, որը բերելու է ինչ-որ բաների նվազման, կարող է՝ նվազումը ինչ-որ լոկալ բնույթի է, կարող է՝ նվազումը ինչ-որ բանի հետ է կապված։ Ձեր ամփոփիչ խոսքում, եթե կան վերլուծություններ, ներկայացրեք, որովհետև դա մեր ԶՈւ-ին կարող է օգնել որոշ բաներ անելու համար»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Գլխավոր դատախազը խոստացավ «քանակական» առումով տվյալները հնչեցնել իր եզրափակիչ խոսքի ժամանակ, սակայն ինքնասպանությունների պատճառների առումով լատենտայնության խնդիր ունեն։
«Բոլոր պատճառները, որոնք հնչեցրեցիք՝ քրեական ենթամշակույթ, և որոշակի հուզական հարցեր, դրանք բոլորը վկայում են մեկ երևույթի մասին՝ ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Վստահ եմ՝ ոլորտում ունենալով երկար փորձառություն, շատ լավ պատկերացնում եք, որ ոչ կանոնադրային հարաբերությունները թիվ մեկ պատճառն են ինքնասպանությունների»,- եզրափակեց Աննա Վարդապետյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում