«Այսքան աղետ բերեցիք, հիմա ի՞նչ եք անում. ձեր հավի խելքով մտածում եք, որ գավառական շուստրի եք, հա՞». Հայկ Դերզյան

«Հայաստանի իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ասում են, որ Արցախը փաստացի Ադրբեջանինն է, և իրենց միակ նպատակն այն է, որ այնտեղի ժողովուրդը հանգիստ ապրի: Հայաստանի իշխանությունը շարժվում է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգով՝ համարելով, որ Արցախը Ադրբեջանինն է, այդ մասին իրենք բազմիցս հայտարարել են և հավելյալ հնարավորություններ տվել Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում այդ ամենը կիրառելու: Այդքանից հետո իրենց ձևական անհանգստությունը սուտ է, ու հաջորդ օպերացիան է իրենց կողմից սկսվել՝ ռուսին ամեն կերպ հեռացնելու, ամեն ինչ նրանց վրա բարդելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում ռուս խաղաղապահներին համեմատել էին պտղատու այգում տեղադրված խրտվիլակի հետ և հիշեցրել Փաշինյանի այն հայտարարությունները, որ, եթե Ռուսաստանն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, թող դիմի ՄԱԿ-ին, որ կա՛մ միջազգային մանդատ ստանա, կա՛մ Արցախում տեղակայվեն բազմազգ խաղաղապահներ:

Հայկ Դերզյանը նկատեց՝ եթե իշխանությունները բշտում են այն պետությանը, որը դեռևս ապահովում է Արցախի բնակչության անվտանգությունը, ինչ ասես՝ չեն ասում, ի՞նչ են առաջարկում. «Այլ երաշխիքներ ունե՞ն, որ եթե Ռուսաստանը չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունները, դրան այլընտրանք ի՞նչ են առաջարկում: Եվ դա այն դեպքում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, որի համաձայն՝ ռուս խաղաղապահը կանգնելու է այդտեղ: Այսինքն՝ դու այդ պրոցեսն իրականացնես, Արցախի զգալի հատվածը հանձնես ու հետո փորձես այդ ամենում ռուսին մեղադրե՞լ: Մի կրակոցով փորձում է երկու նապաստակ խփել՝ Արցախը իր համար բեռ համարելով՝ ձերբազատվել, և Ռուսաստանից ձերբազատվել: Հայաստանը բոլորի հետ հարաբերությունները փչացրել է: Արևմուտքից հստակություն չկա, Արևմուտքը շատ լավ շարունակում է Ադրբեջանի հետ իր հարաբերությունները: Բշտում են Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ: Հիմա Հայաստանի իշխանություններին մի հարց՝ այսքան աղետ բերեցիք, հիմա ի՞նչ եք անում: Սրանք իրենց հավի խելքով մտածում են, որ գավառական շուստրի են, հա՞: Ռուսաստանն ու Արևմուտքը հիմա ավելի սուր հարաբերություններ ունեն, քան, ասենք, կարիբյան ճգնաժամի ժամանակ, ու հիմա ի՞նչ, պետք է Ռուսաստանը դիմի ՄԱ՞Կ»:

Կարդացեք նաև

Նա նկատեց՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության. «Եթե ոմանք մտածում են, որ պլստալու են պատասխանատվությունից, սխալվում են: Թող ոչ մի ուսադիր կրող, պաշտոն ունեցող, այս պահին իրեն լավ զգացող որևէ մեկը չմտածի, որ պատասխանատվությունից խուսափելու է կամ ինչ-որ պահից կարողանալու է որևէ մեկի հետ պայմանավորվել: 44-օրյա պատերազմի աղետի, դրան հաջորդած և դրան նախորդած իրադարձությունների համար սրանք պատասխանատվություն կրելու են: Ես ինչքան էլ չսիրեմ Նիկոլին ու իր թիմին, իրենց մահը չեմ ուզում, ես ուզում եմ, որ բոլոր մեղավորներով նստեն բերդ ու բերդում տանջվեն, նայեն, թե ոնց է իրենց ողջ կյանքը աչքերի առաջով անցնում: Ես ուզում եմ, որ իրենք պատասխան տան օրենքի առաջ: Ժողովուրդն է հեռացնելու այս իշխանություններին: Անվիճելի է, որ պետք է կազմակերպել ժողովրդին, բայց ինչքան այս պրոցեսը շարունակվի, այնքան մեր վիճակն ավելի է վատանալու»:

Այս իրավիճակում Կառավարությունը պատրաստվում է Քաղաքացու օրը նշել, և այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ընդհանուր առմամբ՝ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։

Հայկ Դերզյանը նկատեց՝ մեկը կարո՞ղ է բացատրել՝ քաղաքացու օր ասվածը ո՞րն է. «Ես այդ օրվա քաղաքացու պատկերն այսպես կարող եմ տեսնել՝ ծակ «դուխով» գլխարկով, որովհետև մարդիկ սկսել են վատ ապրել, մաշված կոշիկներ ու շորեր, որովհետև ամեն ինչ թանկացել է, մրսող քաղաքացի, որովհետև հոսանքն ու գազն է թանկացել, և ունեցել ենք հազարավոր զոհեր: Մենք տեսնում ենք կորուստ ունեցած, ցավով, դժբախտության ու սթրեսի մեջ ապրող, ծակ «դուխով» գլխարկով դժբախտ ու դժգույն քաղաքացու: Այ, դա են իրենք բերել այս 5 տարվա ընթացքում»:

Նա հավելեց. «Անգամ ամենադժվար, անիրականանալի պրոցեսում կարևոր են հույսը, որ դու կհաջողես, սերը, որ եթե չսիրես քո երկիրը, ու այն, ինչի համար պայքարում ես, չես հաջողի, երրորդ՝ վճռականությունը. երբ այս եռակի կոնցեպտը կա, ապա չկա ոչ մի պատ, որը չի կարելի ջարդել: Պատրաստվում ենք վերջնական հարվածին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս